Հասարակություն

Կառավարության որոշումը բարձիթողի վիճակ է ստեղծել. ահազանգ

lianaeghiazaryan
Կառավարության որոշումը, որով մինչև 2016 թվականի հունվարի մեկը կտրուկ սահմանափակվում են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները, լուրջ խնդիրներ է ստեղծել տարբեր ոլորտներում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է «Սիվիլ Վոյս» բնապահպանական հասարակական կազմակերպության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի պատասխանատուն:  Բաբկեն Հարությունյանը մատնանշել է մի շարք օրինակներ, երբ հանքարդյունաբերական կազմակերպությունները լրջագույն խախտումներով են աշխատում, բայց ստուգումների թույլտվություն չկա, իսկ միայն իրենց ահազանգերն էլ առանձնապես ոչինչ չեն փոխում:

 

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարում աղետալի վիճակ է, կան դրա մասին փաստող տեսանյութեր, հետազոտություններ, հայտարարում է «Սիվիլ Վոյս» բնապահպանական հասարակական կազմակերպության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյանը: Այս ուսումնասիրությունը «Սիվիլ Վոյս»-ն է սեփական նախաձեռնությամբ կատարել ու ստացված մտահոգիչ տեղեկատվությունը փոխանցել մամուլին, պետական համապատասխան կառույցներին: Բայց աղետալի վիճակի բարելավմանն այս քայլերն առանձնապես չեն նպաստում:

Ավելին անել հասարակական կազմակերպությունը չի կարող, իսկ կառավարության որոշմամբ մինչև 2016 թվականի հունվարի մեկը կտրուկ սահմանափակվում են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները: Այդպիսիք կարող են իրականացվել միայն վարչապետի գրավոր թույլտվությամբ, իսկ համապատասխան տեսչական մարմինը պետք է նախապես հիմնավորումներ ներկայացնի, թե ինչու պետք է իրականացվի այս կամ այն ստուգումը: Այս շղթան այնքան երկար է ձգվում, որ բնապահպանական լուրջ խնդիրները շարունակում են ավելի լրջանալ:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարը սկսել է շահագործվել 2010-ից: Մենք բերել ենք հիմնավորումներ, որ ոչ թե 10-12 տարի կարող է այն շահագործվել, ինչպես նշված է նախագծում, այլ մոտ 5 տարի: Այսինքն` մենք հիմնավորումներով փաստում ենք, ոչ պոչամբարն այլեւս ենթակա չէ շահագործման: Մենք այս տվյալները տրամադրում ենք ԱԻՆ-ին, բնապահպանության նախարարությանը, որպեսզի դրանց հիման վրա իրականացվեն ստուգումներ: Եթե դրանք չանցկացվեն, մենք արդեն դատարան կդիմենք:

«Սիվիլ Վոյս» բնապահպանական հասարակական կազմակերպությունը լրջագույն խախտումներ է նկատել նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության մեջ: Կա տեսանյութ, կան փաստեր, որ թունավոր արտանետումներ են լցվում Արաքս գետ: Այս տեղեկատվությամբ էլ է կազմակերպությունը դիմել բնապահպանության նախարարությանը: Պատասխան` կառավարության թիվ 839 Ա որոշմամբ ստուգումներ իրականացնել իրենք չեն կարող: Ստացվում է անտրամաբանական վիճակ, ասում է Բաբկեն Հարությունյանը:

Ըստ էության` ստացվում է, որ բնապահպանության նախարարությունը մեղադրում է կառավարությանը, ասում է` չենք կարող ստուգում անել, քանի որ կառավարությունը թույլ չի տալիս: Սա իրենց խնդիրն է, թող զբաղվեն դրա կարգավորմամբ: Մենք ունենք փաստեր` հստակ տեսանյութով:

Լուրջ խախտումներով աշխատող շահույթ հետապնդող կազմակերպություններն անբարեխիղճ են նաեւ աշխատակիցների հանդեպ:

Վերադառնալով կառավարության որոշմամբ տեսչական ստուգումների կրճատմանը` հիշեցնեմ` կասեցումը չի տարածվում հարկային և մաքսային մարմինների, ինչպես նաեւ դպրոցներում, մանկապարտեզներում, գազալցակայաններում, մարդու կյանքի եւ առողջության համար խիստ կարեւոր օբյեկտներում ստուգումների վրա: Ստուգումների կրճատման հետեւանքով տարբեր ոլորտներում ստեղծված ամենատարբեր խնդիրների մասին մշտապես ահազանգում են սպառողների շահերի պաշտպանները, հասարակական կազմակերպությունները: Բարձիթողի վիճակ է ամենուր, ասում են, հատկապես հանրային սննդի օբյեկտներում:

Back to top button