Երևանի N62 ավագ դպրոցն անվանակոչվեց Թաթուլ Կրպեյանի անունով


Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները շարունակվում են: Այսօր էլ ազգային հերոսի անունով է անվանակոչվել Երևանի համար 62 ավագ դպրոցը:
Դպրոցների՝ ազգային հերոսների անուններով անվանակոչման ավանդույթը շարունակվում է: Այսօր էլ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ կառավարության որոշմամբ Թաթուլ Կրպեյանի անունով կոչվեց Երևանի համար 62 ավագ դպրոցը: Հերոսներին հարգանքի տուրք մատուցելուց բացի նախաձեռնության նպատակն է աշակերտներին պարբերաբար առերեսել մեր պատմությանը, մեր հերոսներին, նշեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Դպրոցը Թաթուլ Կրպեյանի անունով կոչելու կառավարության համապատասխան որոշումը մեծ ոգևորությամբ են ընդունել հատկապես հերոսի եղբայրները: Սերգեյ Կրպեյանը նկատում է, որ նախաձեռնությունը ինչ որ տեղ նույնիսկ պարտավորեցնող է:
Համար 62 ավագ դպրոցը երկար տարիներ անվանակոչում չի ունեցել: Այսօր արդեն ազգային հորոսի անունով կոչվելը ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն հատկապես դպրոցի տնօրինության համար խոստովանեց դպրոցի տնօրեն Մարինե Սողոմոնյանը:
Դպրոցում Արդեն իսկ կա դասասենյան հերոսի անունով: Նախատեսվում է բացել նաև փառքի սրահ, որը ևս կկրի Թաթուլ Կրպեյանի անունը: Մարինե Սողոմոնյանը հավաստիացրեց, որ դպրոցում պարբերաբար կանցկացվեն ռազմահայրենասիրական դասեր և անելու են ամեն բան, որ Թաթուլ Կրպեյանի անունն անընդհատ հնչի ինչպես դպրոցում, այնպես էլ դպրոցի պատերից դուրս: