Հասարակություն

Բրյուսելում քննարկվել է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները

Հոկտեմբերի 19-ին Հայկական ՏՏ եվրոպական ավտոարշավի շրջանակներում Բրյուսելում  «Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցության հնարավորությունները» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպվել էին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բելգիայում ՀՀ դեսպանության և առևտրական կցորդի, Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության, Ագորիա բիզնես ակումբի, Ֆլամանդրիայի ներդրումների և առևտրի գործակալության, ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի կողմից` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցաբար:

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը: Ողջունելով Եվրոպայում հայկական տեղեկատվական և հեռահաղորդակցության արշավի նախաձեռնողներին` դեսպանն իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը Հայաստանի տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է: Անկախությունից ի վեր մեր ձգտումն է եղել ձևավորել ժամանակակից գիտության վրա հիմնված տնտեսություն` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գիտատար ոլորտները, ինչպես նաև` որակյալ աշխատուժը, ավանդաբար հանդիսացել են Հայաստանի տնտեսական բարեկեցության հիմքը, և այն, որ Հայաստանը ոչ առանց հիմքի կոչել են Խորհրդային Միության «Սիլիկոնային հովիտ»:

Համաժողովի մասնակիցներին ողջունել են Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Շանտալ Դե Բլուն, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի հիմնադիր Վահան Շաքարյանը:

Միջոցառման ընթացքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից ներկայացվել են Հայաստանի, իսկ բելգիական Ագորիա բիզնես ակումբի ու Վալոնիայի «Աժանս դու Նումերիք» ընկերության կողմից` Բելգիայի տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման առանձնահատկությունները և միտումները, ինչը բացառիկ հնարավորություն  է ստեղծել հայկական ընկերությունների համար` տեղում ծանոթանալու և գործընկերության հեռանկարային ծրագրեր քննարկելու ոլորտի պատասխանատուների հետ:

Եվրոպական միության ՓՄՁ գործադիր գործակալության կողմից ներկայացվել են Ձեռնարկությունների եվրոպական ցանցը և COSME ծրագիրը, որոնք հնարավորություն են ընձեռում հայկական ընկերություններին` ստանալու ֆինանսական և խորհրդատվական աջակցություն` ՓՄՁ ոլորտում գործունեություն ծավալելու և համապատասխան ծրագրեր իրականացնելու համար:

Համաժողովին քննարկվել են Հայաստանում և Բելգիայում ՏՀՏ ոլորտի առկա ձեռքբերումները, ՏՏ ոլորտում հայ-բելգիական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները, իրականացվել է փորձի փոխանակում: Միջոցառման ավարտին հանդիպումներ կայացել են Հայաստանը և Բելգիան ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջև, որին հաջորդել է ՏՀՏ արշավի մասնակիցների և հյուրերի պատվին տրված ընդունելություն:

Կարդացեք նաև
Close
Back to top button