Հասարակություն

Արջը՝ Մարտիրոս գյուղին պատուհաս

lianaeghiazaryan
Հայաստանում վայրի կենդանիների կողմից մարդկանց ու ընտանի կենդանիների վրա հարձակման դեպքերի մասին ահազանգերն ու տեղեկություններն իրենց մասին մոռանալ չեն տալիս: Տարվա հատկապես այս շրջանից սկսած` նման հարձակումների ու բնակավայրեր ներխուժումների ռիսկն ավելի է մեծանում: Ինչ է փաստում այս մասին վիճակագրությունը, ինչ են արձանագրում փրկարար ծառայությունում, ինչպես են Վայոց ձորի Մարտիրոս գյուղում գյուղացիներն ընկալում արջի վտանգավոր ներկայությունը հենց իրենց կողքին` այգիներում, գյուղամիջում, ու ինչպես են մարտիրոսցիները հիշում արջի վերջին` ընդամենը օրեր առաջվա հարձակումը:

 

Առջեւում ձմեռ է, ու հանրապետության տարբեր բնակավայրերում` հատկապես բարձրլեռնային գյուղերում, բնակիչներին մի նոր մտահոգություն է պաշարում:  Գայլերի ու արջերի նախորդ տարիների հարձակումները կամ բնակավայրեր ներխուժելու դեպքերը իրենց մասին մոռանալ չեն տալիս: Մանր ու խոշոր եղջերավորների վրա զանգվածային հարձակումները գյուղացիներին պարբերաբար խոշոր վնաս են հասցնում: Մարդկանց մոտ նաեւ վախ կա, ասում են` վայրի կենդանիների կերը այս շրջանից սկսած արդեն պակասում է, ու եթե տվյալ տարվա կլիման էլ նպաստավոր չէ սնվելու համար, դրանք ավելի ագրեսիվ են դառնում ու սովից վախը կորցրած` ավելի մոտենում մարդկանց:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը այս մտահոգություններին տեղյակ է: Տարվանից էլ է կախված, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Խանգելդյանը, նշանակություն ունեն մի շարք հանգամանքներ` սնունդ կա, թե ոչ, տվյալ տարածքում մարդկանց կողմից գյուղատնտեսական գործունեություն ծավալվում է, թե ոչ: Մարդու կողմից սննդային աղբի տարածումն էլ  է գրավում վայրի կենդանիներին, ու դրանք ավելի են մոտենում գյուղերին: Կանխատեսում, թե տարին ինչպիսին կլինի, սովորաբար չի արվում: Բայց հստակ են տեղեկությունները, թե որ բնակավայրերն են կենդանիների հարձակումների կամ ներխուժման առումով ավելի խոցելի:

2012 թվականից մինչ այժմ վայրի կենդանիների հարձակման ու բնակավայրեր ներխուժման դեպքերի քանակն աճում է: Սա փաստում են թե փրկարար ծառայությանն ուղղված ահազանգերը, թե արձանագրված տեղեկատվությունը: Կտրուկ աճ է գրանցվել անցյալ տարի` 29 նման դեպք: Իսկ այս տարի 9 ամսվա տվյալներով արդեն 39 դեպք` 1 անձի մահով, 11 մարդու, 142 կենդանու վնասվածքով: Խանգելդյանը թվերի աճը նաեւ իրենց դիմելիության ավելացմամբ է պայմանավորում: Կենդանիների ներխուժման ու հարձակման առաջին թիրախը Վայոց ձորն է` իր հատկապես լեռնային բնակավայրերով ու առաջին հերթին արջի կողմից:

Քաղցր մրգերով բեռնված ծառերը, մեղվի փեթակները, մանր ու խոշոր ընտանի կենդանիները քաղցած գազաններին մոռանալ են տալիս իրենց ու մարդկանց տարածքների հարաբերական սահմանները: Նման փոխայցելությունները միշտ էլ եղել են, ասում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ու հարցին այլ կողմից էլ նայում: ` 19-2 Ես կասեի` մարդիկ են ավելի շատ մոտեցել կենդանիներին, մարդիկ նորանոր տարածքներ են «զավթում» տարբեր նպատակներով:

Իրականությունը, սակայն, բոլորովին այլ կերպ է պատկերվում Վայոց ձորի Մարտիրոս գյուղի բնակիչ Վարդան Վարդանյանի աչքում: Ընդամենը օրեր առաջ հենց գյուղամիջում արջի հետ հանդիպումը գյուղատնտեսը շատ լավ է հիշում` դրվագ առ դրվագ: Արջը հայտնվել է կովերի` հանդից վերադառնալու ճանապարհին` արդեն գյուղում, ու դա մի խոշոր կովի կյանք է արժեցել: «Երեկոյան ժամը 7-ի կողմերն էր, արջը այգիներից դուրս եկավ կովի դեմ: Մենք աղմուկով հազիվ արջին վախեցրինք»:

Վայքի տարածաշրջանի Մարտիրոս գյուղում արջի ներկայությունը գյուղացիները պարբերաբար են զգացել միանգամից դատարկված մրգի ծառերից, կոտրված ճյուղերից, բայց խոշոր եղջերավորի վրա հարձակման այս դեպքն առաջինն էր, ասում է մարտիրոսցի Վարդան Վարդանյանը: Այս հարձակումից երկու օր անց արջը նորից է հայտնվել գյուղում, տեսնողներ են եղել:

«Մարգարն է տեսել արջին` երկու քոթոթներով, հենց գյուղամիջում»:

Արջի, գայլի որսն այսօր արգելված է, բայց եթե այդ կենդանիները հայտնվել են մարդկանց արդեն բնակելի տարածքում եւ ուղղակի սպառնալիք են նրանց, նրանց ընտանի կենդանիների կյանքին, կարելի է վախեցնել, կասեցնել, վնասել, անգամ սպանել: Մարտիրոսցիներն այսօր շատ են մտահոգվում: Վայրի կենդանու ներկայությունն իրենց կողքին շատ վտանգավոր է: Գյուղը փոքր է, բնակիչները` քիչ, օրը շուտ է մթնում, գյուղատնտեսական աշխատանքներն էլ ոչ օր են հարցնում, ոչ ժամ:

«Այսօր անտանելի վախ կա մեզ մոտ: Տնից 20-30 մետրի վրա արջը հարձակվում է անասունի վրա: Մարդ ենք, ամեն պահի դրսում ենք լինում: Ես զենքով ման եկա, իսկ երեխանե՞րը»:

Արջի հայտնվելու, հարձակման կոնկրետ սպառնալիքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանին, փրկարար ծառայությանը: Այնտեղից ասել են` համենայն դեպս զգույշ եղել, փոխանցում է մարտիրոսցի Վարդան Վարդանյանը: Զգույշ, այո, պետք է լինել, իսկ պետական մարմինները դեռ մտածում են` ինչպես օգնել քաղաքացիներին:

Back to top button