Հասարակություն

ԱՄՆ Առևտրի դեպարտամենտը և ՀՀ մաքսային ծառայությունը շարունակում են սերտ համագործակցությունը

ԱՄՆ Առևտրի դեպարտամենտը և ՀՀ մաքսային ծառայությունը շարունակում են սերտ համագործակցությունը. մեկնարկում է մաքսային ընթացակարգերի վերաբերյալ երրորդ աշխատաժողովը

Ս.թ. հոկտեմբերի 20-ից ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագիրը (CLDP) և  ԱՄՆ մաքսային ու սահմանապահ ծառայությունը ՀՀ Մաքսային ծառայության հետ համատեղ կանցկացնեն Մաքսային գնահատման, դասակարգման ու մաքսային ընթացակարգերի հարցերով երրորդ աշխատաժողովը: Այս եռօրյա աշխատաժողովին կմասնակցեն շուրջ 30 մաքսային պաշտոնյաներ, որոնց մեծ մասը ներկա են եղել նաև առաջին երկու աշխատաժողովներին:  Աշխատաժողովը կվարեն  ԱՄՆ մաքսային ու սահմանապահ ծառայության պաշտոնյաները՝ անդրադարձ կատարելով դասակարգման, մաքսային գնահատման ու մաքսային ստուգումների թեմաներին:

Զարգացնելով առաջին և երկրորդ աշխատաժողովների ընթացքում արծարծված թեմաները՝ այս անգամ դասախոսությունների, վարժությունների, խմբային քննարկումների միջոցով անդրադարձ կկատարվի մաքսային գնահատման, ռիսկերի գնահատման, ստուգման թիրախների ընտրության, ներմուծողների ինքնահայտարարագրման, ոչ ամբողջական տեղեկատվության ու փաստերի բացակայության պարագայում ստուգումների անցկացման, ստուգումների նպատակային արդյունավետության մեծացման և կոնկրետ սակագների ու ապրանքների դասակարգման հարցերին:

Այս ծրագրի նպատակը Հայաստանի մաքսային պաշտոնյաների մասնագիտական պատրաստվածության հետագա կատարելագործումն է և երկրի մաքսային գործընթացների համապատասխանության ապահովումը միջազգային մաքսային նորմերին ու գործելակարգին, որոնք մասնավորապես սահմանվում են Առևտրի ու սակագների միջազգային համաձայնագրով (GATT), Առևտրի համաշխարհային կազմակերպության Մաքսային գնահատման համաձայնագրով և Համաշխարհային մաքսային կազմակերպության ուղենիշներով:

«ԱՄՆ կառավարությունն հավատացած է, որ արդիական ու ներդաշնակեցված մաքսային ընթացակարգերը խիստ կարևորվում են դեպի երկիր օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու հարցում, — ասաց բացման խոսքով հանդես եկող ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը, — առանց անաչառ ու թափանցիկ մաքսային գործընթացների գործարարները, ովքեր կուզենային ներդրումներ կատարել, կարող են երկմտել՝ չիմանալով, թե իրենց ինչ է սպասում: Սակայն հստակ, բաց մաքսային ընթացակարգեր ձևավորելով ՀՀ կառավարությունը մեծացնում իր գրավչությունը միջազգային ներդրումների համար»:

Այս շարքի առաջին աշխատաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել 2013թ. դեկտեմբերին, անդրադարձ է կատարվել գնահատմանը, գործարքի արժեքին, Ներդաշնակեցված համակարգի (HS) շրջանակում դասակարգման, առևտրային ռեսուրսներին ու եկամուտների պահպանության հարցերին: Երկրորդ աշխատաժողովում, որը տեղի է ունեցել 2014թ. նոյեմբերին, դիտարկվել են հետևյալ թեմաները. գործարքի արժեք, գործակալների նշանակում, ռոյալթիների ու եկամուտի գնահատում, նույնական կամ նմանատիպ ապրանքների գնահատում, ռիսկերի գնահատում ու կառավարում, արժեհաշվարկման դեդուկտիվ մեթոդ, հետբացթողումային հաստատում, հաշվարկված արժեքի մեթոդ և պահեստային մեթոդ:

 CLDP-ի մասին

Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագիրը (CLDP), որ մեկնարկել է 1992թ., ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի գլխավոր իրավախորհրդատուի գրասենյակի ծրագիրն է, որը տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով անցումային տնտեսություն ունեցող երկրների կառավարություններին ու մասնավոր հատվածին ցուցաբերում է տեխնիկական օժանդակություն կոմերցիոն իրավունքի ոլորտում՝ մատուցելով ուսումնական ու խորհրդատվական ծառայություններ գործադիր, օրենսդիր կառույցների, կանոնակարգիչ մարմինների, ակադեմիական դաշտի  ներկայացուցիչների, դատավորների, փաստաբանների և մյուս շահագրգիռ կողմերի համար:

 

Կարդացեք նաև
Close
Back to top button