Տուգանք, թե հնարավորություն. ՍԱՊԾ-ն ստուգում է, բայց չի մասնակցում


Մանկապարտեզներում, դպրոցներում և ոչ միայն, թունավորումների հետքերով գնացող ու մինչ կասեցում հնարավորություն ունեցող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մատակարարների մրցույթների կազմակերպման գործում որևէ կերպ ներգրավված չէ: Օրենքի պահանջը միայն այն է, որ մրցույթին մասնակցող ընկերությունները պետք է գրանցված լինեն ծառայությունում: Այդուհանդերձ, 2014թ Երևանի քաղաքապետարանը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն է ներկայացրել մրցույթով գնվող սննդամթերքի տեխնիկական բնութագրերը, գերատեսչությունից դրանց վերաբերյալ առարկություն ու առաջարկություններ են ստացել: «Ռադիոլուրի» զրուցակիցը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանն է:
Վերջին մեր տարվա ընթացքում ավելի շատ, քան երբևէ հիմնականում նախակրթարաններից, երբեմն նաև դպրոցներից հաճախ ենք թունավորումների մասին տեղեկատվութուն ստանում: Թունավորումների հիմնական, պատճառը մատակարարվող սնունդն է: Թունավորումների այսպես ասենք շքերթն սկսվեց Եղվարդի մանկապարտեզով, հետո նաև Արմավիրի ու Արարատի մազերի կրթական հաստատություններում գրանցվեցին թունավորման դեպքեր: Առաջին իսկ ահազանգի դեպքում ցանկացածի մտքով անցնող առաջին վարկածը սննդային թունավորումն է:
Ինչ է մատակարարվում մանկապարտեզներում ու դպրոցներում: Սննդի որակի պատասխանատուն ՍԱՊԾ է, որը, սակայն, մատակարարների կազմակերպման ու անցկացման մրցույթներում որևէ կերպ ներգրավված չէ : 2014թ Երևանի քաղաքապետարանը ՍԱՊԾ է ներկայացրել մրցույթով գնվող սննդամթերքի տեխնիկական բնութագրերը, գերատեսչությունից դրանց վերաբերյալ առարկություն ու առաջարկություններ են ստացել: Օրենքի պահանջը միայն այն է, որ մրցույթին մասնակցող ընկերությունները պետք է գրանցված լինեն ՍԱՊԾ-ում:
Ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը, սա ճիշտ չի համարում՝ պարզաբանելով՝ «Գրանցված լինել, նշանակում է ընդամենը գործունեության վերաբերյալ տեղեկատավություն տրամադրել»:
«Նախնական գնալ, ստուգելուց հետո հավաստելու գործառույթ նախատեսված չի և մենք չենք իրականացնում: Արդյունավետության տեսանկյունից նրանք պետք է նախնական գնահատման անցնեն ոչ թե միայն ի ֆինանսական չափորոշիչներով, այլ տրանսպորտային միջոցների հագեցվածությամբ, աշխատակիցների սանիտարական գրքույկները մինչև իսկ հայտարարված մրցույթը ներկայացնելով, որպեսզի բոլոր հավանական ռիսկերը մենք փոքրացնենք»:
Չնայած այս հարցում օրենսդրորեն ՍԱՊԾ-ի ձեռքերը կապված են, այդուհանդերձ, եթե թունավորման դեպք է գրանցվում, ապա ստուգում, դիտարկում անցկացնում կատարում է նույն այս գերատեսչությունը:
Այս տարի մանկապարտեզներում իրականացվել է 250 պլանային, 74 ոչ պլանային ստուգում, մնացած մանկապարտեզներում՝ դիտարկում են կատարվել՝ 2014-ի ողջ ընթացքի 11 մանկապարտեզի ստուգման դիմաց: Այս տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ՍԱՊԾ պետի հրամանով 19 մանկապարտեզի գործունեություն ժամանակվոր կասեցվել էր: Կասեցումից հետո գործունեությունը վերականգնվում է ՍԱՊԾ-ի տեսուչների ստուգումից հետո միայն:
Հայաստանում դեռ կան մանկարապտեզներ, որոնք վերջին 20 տարիների ընթացքում ոչ վերանորոգվել են, ոչ էլ գույքով ապահովվել, ուստի և այդ պարագայում հնարավոր չէ խոսել հիգիենիկ նորմատիվների պահպանության մասին մանկապարտեզներում մեծ է նաև մարդկային գործոնի ազդեցությունը: Կարելի է ասենք, սառնարան նվիրել, բայց դա բոլորովին չի նշանակում, որ մաքրություն չպահպանելու դեպքում հնարավոր կլինի զերծ մնալ աղտոտումից: ՍԱՊԾ աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյան.« Ձեզ անկեղծ ասեմ, եթե 50 հազար, 100 հազար կամ 300 հազար դրամ պետք է տուգանեմ մանկապարտեզին՝ սառնարան չունենալու համար, իմ համար ավելի լավ է այդ 300 հազար դրամով պարտադրել, որ սառնարան գնեն, բերեն մանկապարտեզ, քան տուգանեմ ու սպասեմ, թե երբ են իրենք 300 հազար դրամ հայթայթելու՝ տուգանքը մուծեն, և 300 հազար դրամ , որ հայթայթեն սառնարան գնելու համար»:
Ի տարբերություն մանկապարտեզների, ՍԱՊԾ-ն դպրոցներում նոր է սկսում լայնածավալ ստուգումների փուլը, քանի որ զրուցակցիս խոսքով, դպրոցներում ռիսկերը մի փոքր քիչ են.տեղում՝ խոհանոցում, պատրաստվող սննդամթերք ի գրեթե չենք հանդիպի: Այդունահդերձ, դպրոցները նույնպես թունավորման վտանգի տակ են: Սեպտեմբերի 10-ին` տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ համայնքների դպրոցներում աշակերտների թունավորման մասին:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ, մասնագետներն անմիջապես այցելել են նշված դպրոցներ և պարզել, որ սեպտեմբերի 10-ին Բաղրամյանի դպրոցի բուֆետից օգտվել է շուրջ 215 դպրոցական, Այգեզարդի դպրոցի բուֆետից՝ շուրջ 110-ը: Այդ օրը նշված դպրոցներին մատակարարվել է հոթ դոգ, կեքս, կարտոֆիլով կարկանդակ, բուլկի, գաթա, խաչապուրի, որոնցից կատարվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության նպատակով: Պարզվել է, որ դպրոցներին սնունդ է մատակարարվել միևնույն անհատ ձեռնարկատիրոջ՝ Գոհար Սարգսյանի կողմից, ով սնունդ է մատակարարում նաև մարզի 11 համայնքների դպրոցներին:
Ներկայումս Բաղրամյանի և Այգեզարդի դպրոցներում, ինչպես նաև մատակարարի մոտ իրականացվում են ստուգումներ: Մատակարարի գործունեությունը դադարեցված էր, դպրոցներին սնունդ չէր մատակարարվում: