Հասարակություն

«Տաթեւեր»-ը հինգ տարեկան է

«Տաթեւեր» ճոպանուղին արդեն հինգ տարեկան է: Հինգ տարի առաջ, 2010 թվականի հոկտեմբերի 16-ին գործարկվեց աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝ անցնելով Որոտանի կիրճի վրայով եւ հնարավորություն ընձեռելով Հալիձորից Տաթեւի միջնադարյան վանական համալիր հասնել կարճ, հարմարավետ օդային ճանապարհով:Գործարկումից ի վեր ճոպանուղուց օգտվել է շուրջ 430 000 ուղեւոր, միայն այս տարվա ինն ամիսների ընթացքում՝ շուրջ 90 հազար այցելու: Մինչեւ ճոպանուղու կառուցումը տարեկան Տաթեւ այցելողների թիվը չէր գերազանցում 7 հազարը:Հինգ տարիների ընթացքում ճոպանուղին յուրօրինակ խթան է դարձել տարածաշրջանի զարգացման համար: Զբոսաշրջային հոսքերի աճը նաեւ նպաստել է համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը. վերջին հինգ տարվա ընթացքում Գորիսում բացվել է 10 նոր հյուրանոց, վանական համալիրի հարակից համայնքներում գործում են շուրջ երկու տասնյակ հյուրատներ, սպասարկման այլ օբյեկտներ:

«Տաթեւեր» ճոպանուղին նաեւ տեղի բնակիչների համար աշխատատեղերի, գյուղմթերքի իրացման, զբոսաշրջային առաջարկների մշակման նոր հնարավորություններ է ստեղծել: Ճոպանուղու շուրջ 60 աշխատակիցների մեծ մասը տեղացիներ են:«Ճոպանուղու շնորհիվ Տսթեւը դարձել է Հայաստանի ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղություններից մեկը եւ իր առանձնահատուկ տեղն ունի զբոսաշրջային գործակալությունների փաթեթներում: Այն նաեւ նպաստում է հանրապետության «Հարավային միջանցք» ուղղության զարգացմանը, քանի որ դեպի Տաթեւ ուղեւորվող զբոսաշրջիկները ճանապարհին կանգ են առնում Խոր Վիրապում, Նորավանքում, Արենիում եւ Զորաց քարերում, օգտվում են մատուցվող տարբեր ծառայություններից», — նշում է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը:

«Տաթեւեր»-ի առաջին հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը շնորհակալագրեր հանձնեց զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին՝ համագործակցության եւ Տաթեւը՝ որպես զբոսաշրջային ուղղություն զարգացնելու գործում ունեցած ներդրման համար:«Մենք նաեւ մեծ ուշադրություն ենք դարձնում ճոպանուղու սպարարկմանն ու միջազգային չափանիշներին համապատասխան ծառայությունների ներդրմանը: Գարնանը ներդրվել էր աշխարհում լավագույններից մեկը համարվող՝ SKIDATA ընկերության տոմսերի վաճառքի միջազգային համակարգը, իսկ ամռանը, զբոսաշրջային ամենաակտիվ շրջանում, գործարկվեց տոմսերի վաճառքի օնլայն համակարգը՝ էապես հեշտացնելով տոմսերի ձեռք բերման գործընթացը»,- նշում է «Տաթեւեր»-ի տնօրեն Վահե Բաղդասարյանը՝ ընդգծելով , որ ճապանուղու աշխատակիցների համար մշտապես վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում՝ մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով:«Տաթեւեր» ճոպանուղին կառուցվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ ոչ միայն որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի, այլեւ որպես ամենակարճ ժամանակահատվածում (10 ամիս) կառուցված ճոպանուղի:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի հանրային կապերի բաժին

Back to top button