Քաղաքական

ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների անուղղակի հարվածը Հայաստանին

lenabadeyan
Հոկտեմբերի 9-12-ը նորվեգական Ստավանգերում տեղի ունեցած ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը առաջարկություններ է ներկայացրել առանձին բանաձեւերի վերաբերյալ, որոնք ընդունվել են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ իրենց առաջարկությունները վերաբերել են սիրիական կոնֆլիկտի հետեւանքով փախստականներ ընդունած գործընկեր պետություններին աջակցություն ցուցաբերելուն: Աշխատանքների ընթացքում, սակայն, անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտությանն ու թուրքական ռազմական օդանավերի կողմից Հայաստանի օդային սահմանը հատելու խնդրին:

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները եւ միջազգային փաստաթղթերում տեղ գտնող անբարենպաստ ձեւակերպումները երբեմն անուղղակի հարվածում են նաեւ Հայաստանին: Դրա վառ օրինակներից մեկը բացահայտվել է հոկտեմբերի 9-12-ը Նորվեգիայի Թագավորության Ստավանգեր քաղաքում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքների ընթացքում:

Ներկայացված «ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը Եվրաատլանտյան անվտանագության» զեկույցում որոշակի ձեւակերպումներ էր ներառվել, որոնք անհանգստացրել են մեր պատվիրակներին: Խնդիրն այն է, որ Ղարաբաղի մասով զեկույցում կան իրական վիճակին չհամապատասխանող ձեւակերպումներ: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ պատգամավոր Թեւան Պողոսյանի ներկայացմամբ խնդիրը հետեւյալն է:

«Մենք բոլորս էլ լավ գիտենք, թե Ռուսաստանը ինչքան վատ է ազդում ԼՂ հիմնախնդրի լուծման վրա, երբ վաճառում է զենք: Բայց այս թեման թողած գրում են, որ Ռուսաստանն է, որը ծնել է Ղարաբաղի խնդիրը: Ու այնպես է գրված, ոնց որ թե երեկ է եղել: Որեւէ մեկը մոռացել է, որ դա պատմական հիմքեր ունի: Այդտեղ հասկանալի է, որ ավելի շատ իրենց պետք էր Ռուսաստան բառը նշել զեկույցի մեջ, փորձել են դա նշեն, մեզ էլ ամեն անգամ ասում էին՝ դուք ինչ եք խառնվել, դա ձեզ չի վերաբերում»:

Զեկույցով Ռուսաստանին մեղադրել են ոչ միայն Ղարաբաղի, այլեւ՝ Ուկրաինայում ծագած հակամարտությունը հրահրելու համար: Հայ պատվիրակները նշում են՝ զեկույցի հեղինակին զգուշացրել են սխալների մասին թե Բուդապեշտում գարնանային նստաշրջանի աշխատանքների ժամանակ, գրավոր 3 նամակ են ուղարկել, այստեղ Երեւանում՝ «Ռոուզ Ռոուդ» սեմինարի ժամանակ են անդրադարձել, բայց հեղինակը չի ցանկացել փոխել ձեւակերպումները՝ գիտակցելով հանդերձ, թե ինչ է անում, ասում է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:

«Մեր կողմից արձանագրվել է, որ ճիշտ չէ մեկ զամբյուղում դնել բոլոր հակամարտությունները: Ընդամենը սա զեկույց է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի կողմից ընդունված, որը բնավ չի արտացոլում ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումը: Այն անգամ որեւէ բանաձեւում ԽՎ-ի կողմից ընդունված չի ներառվել: Սակայն, կան մտահոգություններ զեկույցային մակարդակով առանձին ձեւակերպումների շուրջ եւ մենք հետագայում նույնպես աշխատանքներ կտանենք, որպեսզի նմանատիպ ձեւակերպումներ, որոնք խոչընդոտելու են հակամարտության կարգավորմանը եւ վնաս են հասցնելու առավելապես խաղաղ կարգավորման գործընթացին, որպեսզի նման դրույթներ տեղ չգտնեն համապատասխան զեկույցներում»:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայ պատվիրակները նաեւ բարձրաձայնել են թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանը հատելու խնդրի մասին: Իհարկե անդրադարձը տարբեր նիստերի ընթացքում չի եղել: Թեւան Պողոսյանը պարզապես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին մոտեցել է միջանցքում:  Ասում է, որ նա նախ զարմացավ, հետո խոստացավ հետամուտ լինել հարցին: Թեւան Պողոսյանը այդ մասին նաեւ գրավոր հարց է ուղղել Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային՝ հուսով է, որ նոյեմբերի սկզբին պատասխանը կստանա: Այս հարցով զբաղվել պետք է, բայց իրավիճակը սրելու կարիք չկա, կարծում են Թեւան Պողոսյանն ու Կորյուն Նահապետյանը, ասում են՝ մեղավորները պարզապես դասեր պետք է քաղեն, որ հետագայում նման խնդիր այլեւս չառաջանա:

«Եթե մի կառույց իսկապես գնահատում է իր անդամ-երկրների սահմանների անձեռնմխելիությունը, ապա նա պետք է սկսի միգուցե՞ իր օրինակից եւ առաջինը պետք է ներողությունը խնդրեր այդ դեպքի համար, եթե եղանակային պատճառներով է եղել: Դեպքն ինքնին արտառոց է եւ մտահոգիչ եւ կարծում եմ, իսկապես, պետք է ՆԱՏՕ-ն, որի անդամ-պետություն է Թուրքիան արձագանքի այս դեպքին: Հստակ պարզաբանումներ պետք է տրվի եւ, կարծում եմ, ուղղակի այսպես իրավիճակը սրելու կարիք չկա»:

Նոյեմբերի 1-ից ի դեպ՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ է՝ անհատական համագործակցության շրջանակներում, ուստի այս հարցին անդրադարձ դեռ կլինի այստեղ: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշխատանքներին, ապա սիրիական պատերազմին եւ փախստականներին առնչվող քննարկումների ժամանակ Հայաստանը հստակ առաջարկ է արել կառույցին: «Միայն Հայաստանն ընդունել է 16 հազարից ավելի փախստական»,- ասում է Կորյուն Նահապետյանը՝ ճիշտ համարելով, որ ՆԱՏՕ-ն այս ուղղությամբ օժշանդակություն տրամադրի ոչ միայն անդամ պետություններին, այլեւ՝ գործընկեր պետություններին:

Back to top button