Հասարակություն

Երեխան պետք է ունենա ընկերներ. վիրտուալ աշխարհի բացասական հետեւանքները

hasmikmartirosyan

Համակարգչային խաղերի ոլորտում օրըստօրե գրանցվում են մեծ առաջընթացներ, նորացվում ու թարմացվում են վարկանիշային խաղերը ու լայն սպառման ներկայացվում: Հիմնականում երեխաների շրջանում պահանջված են այն  խաղերը, որտեղ քարոզվում կամ ներկայացվում են կռիվ, սպանություն, արյունահեղությամբ արգելքների հաղթահարում. մի խոսքով՝ քարոզվում է դաժանություն: Հոգեբան Աննա Բաբայանն այսօր ներկայացնելով մանկահասակ երեխաների հոգեբանության վրա համակարգչային խաղերի ազդեցությունը, նշել է, որ ոչ միայն ընտանիքը պետք է վերահսկի, թե երեխան ինչ խաղ է խաղում, այլև անհրաժեշտ է հստակ չափանիշներ դնել` որոշելու այն թույլատրելի սահմանը, որի ընթացքում երեխան կկարողանա օգտվել համակարգչից:

 

Համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում յուրաքանչյուր առաջընթացի հետ աճում է նաև  խաղերի արտադրությունը, իսկ  կախվածության մեջ ընկնողներից  շատերին կոչում են համակարգչային մոլեռանդներ, ֆանատներ:

Այս շարքում առանձնահատուկ կարելի է խոսել երեխաների մասին: Ըստ Pediatrics գիտական ամսագրում հրապարակված հոդվածի, գիտնականները կարծում են, որ համակարգչային խաղերը պատասխանատու չեն երեխաների և պատանիների վարքի համար։ Ավելին՝ գիտնականները կարծում են, որ խաղի ընթացքում մարդու մոտ ի հայտ են գալիս մի շարք դրական հատկություններ` կրթվածություն, ինքնագնահատականի բարձրացում, կոորդինացիայի բարելավում և այլն:

Հոգեբան Աննա Բաբայանը չի բացառում, որ կան խաղեր որոնք կարող են ունենալ դրական ազդեցություն, բայց երեխաները երկնագույն էկրանի առջև նստելով հոգեական իմացական զարգացվածություն չեն ստանում: Խաղացողի հոգեբանության վրա առավել մեծ ազդեցություն են ունենում համակարգչային դերակատարային խաղերը: Խաղացողը կարող է միանգամայն լուրջ ընդունել վիրտուալ աշխարհը և իր հերոսի գործողություններն ընկալել որպես իրենը: Այսպիսով դերակատարային խաղերը բավականաչափ ազդում են մարդու անհատականության վրա՝ «մարդկության փրկության» խնդիրները լուծելով վիրտուալ աշխարհում:

«Երեխան պետք է ունենա ընկերներ խոսի, հաղթի, պարտվի, իսկ համակարգչային խաղերի միջոցով ու օգնությամբ ստանալ դա, թերի է, հարկավոր է կենդանի շփում»,- ասում է հոգեբանը։

Ըստ Աննա Բաբայանի՝ խաղերը պետք է առանձին դիտարկել, յուրաքանչյուր խաղ ունի իր ծրագրավորումը, բարոյականությունը, խաղեր կան, որ ունեն հոգեբանական ազդեցություն, խաղեր կան`դաստիարակչական, որոշ խաղեր էլ ագրեսիվ ե։

Համակրագչային խաղերից բացի հոգեբանը նշում է  կապույտ էկրանի մյուս բացասական ազդեցությունը։ Այս դեպքում տարածում գտած համակարգչային և հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող մուլտֆիլմերի մասին է խոսքը, որոնք  նույնպես քարոզում են ագրեսիվություն, կամակորություն: «Ռենջերները»,  «Թոմը Ջերին», «Մաշան և արջը» իրենց մեջ պարունակում են ագրեսիվություն և անարդարություն»,- օրինակներ է բերում բանախոսը։

Երեխայի մոտ ագրեսիան զարգանում է, երբ նա իր ընտանիքից չի ստանում հոգեբանական հույզեր և ջերմություն, դրանից առաջացնող անցանկալիության զգացողությունը ձևավորում է բացասական ապրումներ, որոնք էլ առաջացնում են ագրեսիա: «Ընտանիքը պետք է վերահսկի, թե երեխան ինչ խաղ է խաղում, անհրաժեշտ է հստակ չափանիշներ դնել` որոշելու այն թույլատրելի սահմանը, որի ընթացքում երեխան կկարողանա օգտվել համակարգչից։ Իհարկե այս ամենն հարկավոր է անել նրբորեն», ընդգծում է հոգեբանը։

Back to top button