Մշակույթ

Հայաստանը Թբիլիսիում մասնակցել է փողային գործիքների փառատոնին

gitaelibekyan

Թբիլիսիիում արդեն 7-րդ անգամ կազմակերպվում է փողային գործիքների փառատոն` նպատակ ունենալով մեծացնել այս գործիքների հանդեպ հետաքրքրությունը կովկասյան տարածաշրջանում: Ամեն տարի Վրաստանի մայրաքաղաք են ժամանում հայտնի  երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից, հանդես գալիս համերգներով ու անցկացնում վարպետության դասեր:  Հայաստանը նույնպես մասնակցում  է այդ փառատոնին։

 

Փողային գործիքների ու կամերային նվագախմբի հանդեպ հետաքրքրությունը մեր տարածաշրջանում մեծանում է, «Ռադիոլուրի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց   վրացի կլարնետահար Լեւան Ցխադաձեն, ով յոթ տարի առաջ հիմնադրեց Փողային գործիքների փառատոնը` Վրաստան հրավիրելով արտասահմանյան հայտնի երաժիշտների:

Նա կարծում է, որ փողային գործիքների տարածմանը ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում մեծապես նպաստում են Եվրոպայում ուսում առած  երիտասարդ երաժիշտները։ «Ցցավոք,  մենք երբեք չենք ունեցել փողային գործիքների լավ դպրոց ոչ միայն Վրաստանում, այլև մեր հարևան երկրներում: Մենք հիմա ուզում ենք զարգացնել այն, ինչ ունենք:  Եվ կարող ենք արձանագրել, որ  վերջին յոթ տարիներին փողային գործիքները  ժողովրդականություն են վայելում  ուսանողների շրջանում, ստեղծվում են փողային գործիքների նոր խմբեր»,- ասում է։

Փառատոնին Հայաստանից մասնակցում է ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը: Նա նույնպես համամիտ է, որ խնդիրն առկա է  ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։ «Մենք շատ ենք կարևորում փողային գործիքների փառատոնը. չունենք այն դպրոցը, որը  կա Եվրոպայում  և նման փառատոնների շնորհիվ կարելի  է  ունենալ այն»:

Ի դեպ հայ ֆագոտահարը  Ցյուրիխում ուսումնառությունից հետո վերադարձել է հայրենիք և վերջին տարիներին իր անձնական կապերի շնորհիվ Հայաստան է բերել Արեւմուտքում ճանաչված փողային գործիքների մի խումբ երաժիշտների:

Այսօր նրա  հետ Թբիլիսի  են ժամանել Հայաստանից մի խումբ ուսանողներ, ովքեր հնարավորություն ունեն  վարպետության դասեր անցնել  փառատոնի շրջանկներում Թբիլիսիիում գտնվող փողային գործինքերի լավագույն կատարողների մոտ:

 

Back to top button