Օբյեկտիվից երեւացող երջանկությունը. Արա Գյուլերի ցուցահանդեսը՝ Թբիլիսիում


Թբիլիսիիում բացվել է պոլսահայ հայտնի նկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցաhանդեսը: Լուսանկարիչն իր արխիվից Թբիլիսիի է ուղարկել տասնյակ գործեր`բոլորի վրա անձամբ ստորագրելով: Դրանց մեջ են նաև Վիլյամ Սարոյանի (1974 թ.) ու Սերգեյ Փարաջանովի (1989թ) լուսանկարները: Գյուլերի աշխատանքները ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում, սակայն Թբիլիսիիում դրանք ցուցադրվում են առաջին անգամ: Ցուցահանդեսը, որ կազամակերպել են Վրաստանի Ազգային թանգարանն ու Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը բաց կլինի մինչև հոկտեմբերի 31-ը:
«Ես միշտ վազել եմ երջանկության հետևից, բայց չեմ կարողացել այն ձեռքս վերցնել. ինձ համար երջանկությունն այն է, ինչ ես տեսնում եմ օբյեկտիվի միջից»: Մի առիթով ասել է Արա Գյուլերը, ում հաջողվել է նկարել այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսին են Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Ուինսթոն Չերչիլը, Բերնարդ Ռասսելը, Ինդիրա Գանդին, Սոֆի Լորենը, Սերգեյ Փարաջանովը և շատ ուրիշներ: Լուսանկարչի համար կարևորը նրանց բնավորությունը ցույց տալն է և ոչ թե գեղեցկությունը, որն ըստ նրա անցողիկ է:
«Փարաջանովն իմ շատ մտերիմ ընկերն է եղել, մի քանի անգամ նկարել եմ նրան, իսկ նա իմ նկարները կտրել ու կոլաժներ է պատրաստել»: Փարաջանովի մասին ասել է Գյուլերը, թբիլիսյան ցուցահանդեսին ուղարկելով 1989թ. արված Փարաջանովի լուսանակարը: Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Վրաստանում Թուրքիայի դեսպան Լևենտ Գյումրուքչուն, Փարաջանովի այս լուսանկարը Գյուլերն արել է Ստամբուլում, և շատ մեծ ցանկություն ուներ լինել այն քաղաքում, որտեղ ապրել է կինոռեժիսորը, սակայն առողջական խնդիրների պատճառով չկարողացավ. «Նա մեզ համար շատ յուրահատուկ նկարիչ է, և պատահական չէ, որ անվանում ենք Ստամբուլի աչք, որովհետև այն, ինչ հիշում ենք Ստամբուլի մասին լավագույնս պատկերված է Գյուլերի լուսանկարներում»,- ասում է դեսպանը՝ հավելելով, որ Արա Գյուլերը ոչ միայն Թուրքիայի լավագույն լուսանկարիչն է, այլև աշխարհի լավագույններից մեկը.
«Նրանով հպարտանում ենք մենք: Նա ազգությամբ հայ է, որ ծնվել է Ստամբուլում, իր ողջ կյանքն անցկացրել այդ քաղաքում: Գյուլերի նկարներում տեսնում ենք մարդկանց, քանի որ սիրահարված է նրանց, նաև Թուրքիայի պատմության մի հատվածը, որը նրա նկարների միջոցով ներկայացվում է ողջ աշխարհին»:
Աշխարհառչակ հայազգի լուսանկարիչը ծնվել է Ստամբուլում` հայկական Բեյօղլու թաղամասում: Ավելի քան 60 տարի զբաղվել է ֆոտոլրագրությամբ, հեղինակելով շուրջ 800.000 լուսանկար: Համագործակցել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների հետ, աշխարհի տարբեր երկրներում ստացել բազմաթիվ մրցանակներ: