Չինարի. պատերազմն այստեղ չի ավարտվել


Հայրենիքը սահմանից է սկսվում, հենց այս տրամաբնությամբ են ապրում Հայաստանի սահմանապահ համայնքների բնակիչները: Երկու տասնամյակից ավելի է, որ այստեղ չգիտեն, թե ինչ է խաղաղաությունը: Կրակոցների տակ էլ նրանք ապրում են առօրյա հոգսերով: Ու բոլորովին էլ պատահական չէ, որ սահմանապահ Չինարիում հպարտությամբ են հիշում՝ «անգամ պատերազմի տարիներին չեն փախել գյուղից»: Այժմ երիտասարդների մի մասն արտագնա աշխատանքի է մեկնում, մեկնում են, սակայն, վերադառնում, քանի որ գիտակցում են՝ իրենք ոչ միայն իրենց գյուղն են պահում:
Աղբյուրի մոտ մի չինարի կար, որը մեր գյուղը բաժանում էր Այգեձորից, հենց այդ ծառի անունով էլ գյուղը Չինարի կոչվեց: Չինարեցի Սումբաթ պապն այսպես է մեկնաբանում իերնց գյուղի անվանումը: Սումբաթ պապը, չնայած տարիքին, անգամ ձեռնափայտով է պատրաստ հայրենի գյուղը պաշտպանել: Ամենամեծ երազանքը խաղաղությունն է, ամենամեծ անհանգստությունը՝ երիտասարդների՝ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնելը: Չնայած թոռան շատ մեծ ցանկությանը, պապը դեմ է, որ նա ՌԴ մեկնի՝ «Բա մենք ենք պաշտպանում սահմանը, բա ո՞վ, մեր ջահելներն էլ մեր հետ պիտի պաշտպանեն»:
«Չինարեցին անգամ պատերազմի տարիներին չի փախել իր գյուղից»,- այսօր արդեն քսան և ավելի տարիների հեռվից հպարտորեն ասում է համայնքի ղեկավարն ու ցավով նկատում՝ իրենց գյուղում պատերազմը դեռ չի ավարտվել: Ամեն օր ու ցանկացած պահի կարող է հնչել կրակոցի ձայնը: Սամվել Սաղոյանը գյուղից հեռացողներին ոչ թե մեղադրում է, այլ հասկանալով նրանց՝ իրավիճակը ներկայացնում.«Կարողանում ռեալ կերպով հոգալ իր ընտանիքի սոցիալ-տնտեսական խնդիրները, հողատարածքները գտնվում են թշնամու հենակետերի հսկողության տակ, բա ի՞նչ անի: Մեր բանակը կանգնուն է, սակայն նենգ է թշնամին այս տարածաշրջանում»:
Չնայած թշնամու դավադրություններին՝ Չինարիում փորձում են մշակել անգամ թշնամու հենակետերի տակ գտնվող ցանքատարածությունները: Երբ գյուղապետին հարցնում ես, թե ո՞րն է գյուղի առաջնային հրատապ լուծում պահանջող խնդիրը, եթե խաղաղությունը մի կողմ է դրվում, նա ոչ թե գործազրկությունն է մատնանշում, այլ՝ գյուղացու՝ հողին կապելը, եթե սա լինի, արտագաղթի հարցն էլ կարելի է լուծված համարել:
«Աշխատասեր ժողովուրդ ենք, սահմանին մոտ»,- Չինարիում առաջին իսկ պատահած տիկինն այսպես է բնորոշում իրենց ու մեր դիտարկումից հետո միայն նշում, որ նաև հերոսներ են, քանի որ ոչ միայն իրենց երեխաներին են կրակոցների տակ մեծացրել, այլ նաև՝ թոռներին: Իհարկե, գոնե թոռներին ուզում են հեռու պահել ամենօրյա կրակոցներից և ահ ու դողից: Բայց նաև գիտակցում են՝ չեն կարող սահմանը թողնել: Զրուցակիցս նաև մտահոգ է՝ մտահոգության հիմնական պատճառը նույնն է՝ երիտասարդները հեռանում են գյուղից:
«Երեխաները համարյա հերոսներ են: 12-րդ դասարանի իմ 15 տղաները, արդեն պատրաստ են, զինվորներ են: Այստեղ ծնված երեխաները հերոսներ են: Նրանք ծառայում են բանակում, գովասանագիր ենք ստանում: Նրանք այստեղ ամեն ինչ տեսել են, իրենց կաշվի վրա են զգացել, ոչ մի վախ չունեն»:
Մեծ ու փոքր բոլորի մտահոգությունը մեկն է՝ «գյուղը չդատարկվի, եթե թշնամին իմանա, որ դատարկվել է, երևակայության գիրկը կընկնի»,- ասում ենու անմիջապես համոզմունք հայտնում, որ գյուղը չի դատարկվի, քանի որ այստղ մարդիկ հավատում են, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու: Գյուղը չի դատարկվի, քանի որ այստեղի երեխաները հստակ գիտեն՝ մեծանան գյուղում են ապրելու, գիտեն նաև որ զինվորական են դառնալու: Դպրոցում մանկավարժները հպարտանում են՝ իրենց աշակերտները պատրաստի հերոսներ են:
Հպարտության հետ մեկտեղ՝ սահմանամերձ համայնքների սահմանապահ բնակիչները ևս մեկ անգամ իրենց փորձով ապացուցում են, որ հայրենքն իսկապես սկսվում է սահմանից: