Հասարակություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհավորական ուղերձը՝ գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ: Ուղերձը ներկայացնում ենք ստորեւ.

«Գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատողներ, ֆերմերներ, գիտնականներ, գյուղատնտեսներ և գործարարներ,

Ուրախ եմ, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ` փաստելով, որ Գյուղատնտեսության աշխատողի օրը պետականորեն նշելու նախաձեռնությունը մեզանում դառնում է բարի ավանդույթ և սպասված  ու հիշարժան իրադարձություն բոլորիս համար:

Խորհրդանշական է, որ այն համընկնում է գյուղատնտեսական տարվա մոտալուտ ավարտի հետ և պատեհ առիթ է, ամփոփելով կատարված աշխատանքը,  երախտիքի և շնորհակալության խոսք ուղղել հատկապես մեր հողագործներին, ովքեր  իրենց  քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծում են անուշահամ բարիքներ՝ լուծելով մեր երկրի պարենային ապահովության խնդիրը:

Տարին աննախադեպ լիառատ և բարեհաճ էր գյուղատնտեսության համար: Հայրենի հողը լիարժեք վարձահատույց եղավ`  մեզ շռայլորեն պարգևելով արևաշող բերք ու բարիք:

2015 թվականին գյուղատնտեսությունը նշանակալի աճ և դինամիկ  առաջընթաց է ապահովել ոլորտի բոլոր ճյուղերում: Եվ դա ոչ միայն բարենպաստ բնակլիմայական պայմանների, այլև պետական օժանդակության ծրագրերի, լրացուցիչ մշակված հողատարածքների, արտադրության ինտենսիվացման և ամենակարևորը` հայ շինականի օրնիբուն աշխատանքի  արգասիքն է:

Անշուշտ եղել են նաև թերացումներ, խնդիրները բազմաթիվ են և հաճախ ստվերում են ձեռքբերումները,  հայ գյուղացու առօրյան հոգսաշատ է ու դժվարին,  բերքի իրացման հարցում դեռևս առկա են որոշակի դժվարություններ,  որոնք քայլ առ քայլ ստանում և ստանալու են իրենց լուծումները:

Սիրելի հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի առթիվ` մաղթելով  խաղաղություն, առողջություն և բարօրություն:  Ցանկանում եմ, որ  հայ գյուղացին լիարժեք կարողանա վայելել իր արդար աշխատանքի պտուղները»:

Back to top button