Տնտեսական

Վարչապետը կարեւորում է ԵՏԸ Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությունը Հայաստանում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը կարևորել է Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցության խորացումը և ընդլայնումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությունը Հայաստանում: Հիմնադրամի հետ հաջողված համագործակցության արդյունք է համարել  «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն. 4-րդ փուլ» նախագծի ֆինանսավորման համար 150 մլն ԱՄՆ դոլարի կնքված համաձայնագիրը, որի շրջանակում աշխատանքները հաջող ընթացքի մեջ են: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է «Ոռոգման համակարգերի արդիականացում»  ծրագրի համար նախատեսվող 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային վարկային համաձայնագրերի  այսօր նախատեսվող ստորագրումը:

Դմիտրի Պանկինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և կարևորել համագործակցության խորացումը՝ ուղղված տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:  Նա արդյունավետ եւ հաջողված է համարել փոխգործակցությունը եւ նշել, որ Եվրասիական զարգացման բանկը այսուհետ եւս պատրաստ  է  Հայաստանի հետ  շարունակել  ակտիվ  գործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև փոխգործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Back to top button