Հասարակություն

Մինչեւ Հայաստան ուղարկվելը՝ Պերմյակովին զինծառայության համար հոգեբույժներն անպիտան են համարել

arminegevorgyan

Այս տարվա հունվարին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը, ըստ հայկական կողմի փորձաքննության, ունի հոգեկան լուրջ խնդիրներ, սակայն նա մեղսունակ է, այսինքն՝ հանցագործ է և ենթակա է պատասխանատվության, այսօր հայտարարել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Լուսինե Սահակյանը։ Այս գործով տուժողների փաստաբանները ներկայացրել են սպանության քննության զարգացումները՝ փորձագետների եզրակացության հիման վրա:

 

Չնայած ռուսական կողմը նշում է, որ  Վալերի Պերմյակովը  լիովին առողջ է և ոչ մի խնդիր չունի,  հայկական կողմը այլ  եզրակացության է եկել, քանի որ ռուսական ռազմաբազայում տեղի ունեցած դատավարության ժամանակ փաստաբանների մոտ լուրջ կասկածներ էին առաջացել, որ զինծառայողը հոգեպես լիովին առողջ չէ:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նշում է,որ  Պերմյակովը մինչեւ ծառայությունը գտնվել է հոգեբույժների հսկողության տակ: Երբ զորակոչվել է բանակ, տարօրինակ վարք է ունեցել:  Եղել են անգամ միջադեպեր , որ նա  աթոռով հարվածել է սպաներից մեկին: Մի քանի նմանօրինակ դեպքերից հետո հոգեբույժները հստակ նշել են, որ արգելվում է,  որ Պերմյակովը շարունակի  զինվորական ծառայությունը։ Իսկ  ահա ծառայակիցներն  պատմել են, որ նա 2-3 օր շատ տխուր է եղել, պատճառաբանել է, որ  մայրն է մահացելը, ինչի չի համապատասխանում իրականությանը:

Մյուս բացահայտումը, որ ներկայացրեցին փաստաբանները, այն է, որ դեռեւս 14 տարեկանից Պերմյակովը օգտագործել է ոգելից խմիչքներ, նաեւ թմրամիջոցներ։ «Մենք պնդում ենք, որ, ըստ էության, այդ ռազմաբազայում ծառայում են անձինք, ովքեր իրենց միշտ դրսեւորել են բացասական վարքով, ըստ էության, Հայաստանն իրենց համար աքսորավայր է»,- ասում է փաստաբանը։

Փորձագետները, այդուհանդերձ, գտել են, որ Պերմյակովը մեղսունակ է, ենթակա է քրեական պատասխանատվության, թեեւ ունի հոգեկան խնդիրներ: Լուսինե Սահակյանը նաև նշեց, որ փորձաքննության ժամանակ, Պերմյակովը հոգեբանների ու հոգեբուժների հարցերին պատասխանելիս տարօրինակ տպավորություն է թողել:

«Մի առումով նա շատ խղճալի վիճակում էր, որովհետեւ ասում էր՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես սպանեցի երեխաներին, նրանք իմ համար ծաղիկներ են, շատ եմ սիրում երեխաների: Մեկ էլ ասում էր՝ արել եմ, այդպես ստացվեց եւ ժպտում էր ամբողջ ընթացքում»:

Նախաքննություն ընթացքում  Պերմյակովի տված ցուցմուքներին ծանոթացել են նաև հայ փաստաբաները,ու, ըստ փաստաբան Երվանդ Վարոսյանի, ցուցմուքները եղել են իրարամերժ: Պերմյակովը պատմել է, որ զորամասը լքել  է, որպեսզի փորձի հատելով սահմանի հասնել  ՌԴ: Զենքը վերցրել է հատուկ նպատակով` հագուստ և գումար հայթայթելու համար: Սակայն երկար փնտրելուց, մի քանի մարդկանց դարպասները թակելուց հետո  մտել է Ավետիսյանների տուն, քանի որ դարպասը բաց է եղել:Միաժամակ նշել է, որ ինքնաձիգը լիցքավորված է մտել տուն:

Հարցին՝ հնարավո՞ր է նա դրսից ուղարկված  և ուղղորդված է եղել, կամ  էլ նրա հետ այլ անձինք են մասնակցել սպանությանը, փաստաբանը նշեց,որ «մինչ օրս որեւէ տեղեկություն չկա երկրորդ անձի մասնակցության մասին եւ մինչ այս պահը որեւէ փաստական հանգամանք չկա, որ նրան դրսից են ուղղորդել»:

Back to top button