Հասարակություն

Կկրճատենք ՀԵՑ-ի ծախսերը եւ կխուսափենք էլէներգիայի սակագների բարձրացումից

ՀԷՑ զարգացման գերակա նպատակներից է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը և ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վերահսկողության ապահովումը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատեր, «Տաշիր Գրուպի» ղեկավար Սամվել Կարապետյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Ինչպես արդեն հայտարարել ենք, 2015 թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների Խումբը և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։

Կողմերի պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն («ՀԷՑ») շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները:

«Տաշիր» ընկերությունների Խումբը նաև ամբողջությամբ իր վրա է վերցրել ՀԷՑ-ի կառավարման պարտականությունը: Ընկերության կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝ հիմնված կորպորատիվ պատասխանատվության կարևորագույն բաղկացուցչի վրա:

ՀԷՑ զարգացման գերակա նպատակներից է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը և ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վերահսկողության ապահովումը՝ այդ թվում նաև համապատասխան նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։

Նախևառաջ, նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում: Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երևույթների, կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ և ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել ՀԷՑ-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից:

3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է և չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ: Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար:

Պատրաստ ենք նոր մոտեցումների, նոր որակի աշխատանքի և անկեղծ, կառուցողական գործընկերային փոխհարաբերությունների հաստատմանը»:

Back to top button