Հասարակություն

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ: ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է¸ որ լրատվամիջոցների այսօրվա  ներկայացուցիչները հայ մամուլի պատմության այն շարունակողներն են, ովքեր այսօր գրում են այդ պատմությունն ամենօրյա ու ամենժամյա գործունեությամբ՝ խոսքով ու բառով, լուսանկարով ու կադրով լուսաբանելով երկրի ու մարդու կյանքը, հոգսն ու ուրախությունը, արձանագրելով խնդիրը, լուծում պահանջելով եւ առաջարկելով: «Հայ մամուլի աշխատանքը չոր արձանագրություն չէ: Լրագրողները թե՛ հասարակության, թե՛ պետության ամենատես աչքն են, որի օբյեկտիվը երբեք իրավունք չունի շեղվել անաչառության ու ճշմարտախոսության ուղուց, որը չի կարող անտարբեր ու անզգացմունք լինել այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է շրջապատում, պետական ու հասարակական-քաղաքական կյանքում»:

Ազգային ժողովի նախագահն իր շնորհավորական ուղերձում  շեշտել է¸ որ Հայաստանում առկա իրավական դաշտն ու հասարակական-քաղաքական մթնոլորտն ապահովում են ազատ խոսքի ու հրապարակայնության այնպիսի միջավայր, որտեղ փոխադարձաբար հասանելի են քաղաքացու և պետության ձայները: Ըստ Օրենսդիր մարմնի ղեկավարի՝ Հայաստանում քաղաքացու և իշխանության արդյունավետ երկխոսության ճանապարհը մշտապես բաց ու գործուն է, հասարակական կարծիքի ձևավորումը՝ չդադարող գործընթաց, իսկ այս ամենից միաժամանակ շահում են թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը, թե՛, իհարկե, ազատ խոսելու և գործելու իրավունքը:

Գալուստ Սահակյանը Հայ մամուլի օրվա առիթով 4-րդ իշխանության ներկայացուցիչներին մաղթել է չմարող ստեղծագործական երեւակայություն¸ որպեսզի լավատեսությունն ու ոգևորությունը մշտապես ուղեկցեն լրարգրողներին ողջ գործունեության ընթացքում՝ նպաստելով նոր գաղափարներ ու ծրագրեր կյանքի կոչելուն:

Back to top button