ՀասարակությունՑեղասպանություն 100

Ցեղասպանության ճանաչումից՝ հատուցում

լրացված 15.10-ին
karenghazaryan
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկել Է «Հայոց ցեղասպանություն -100. ճանաչումից` հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում Է շուրջ 100 մասնագետ Հայաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Կանադայից, Լեհաստանից, Հունգարիայից: Գիտաժողովի մեկնարկին ընթերցվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Հայոց ամենայն կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ողջույնի ուղերձները, որոնցում շեշտադրվել է, որ չդատապարտված հանցագործությունները ծնում են ավելի մեծ հանցագործություն:

Գիտաժողովը քննության է առնելու Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն առնչվող հիմնախնդիրների լայն շրջանակ, մասնավորապես՝ ցեղասպանության հետեւանքների վերացման եւ հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Ակնկալվում է, որ ներկայացվելիք զեկուցումները կարեւոր նշանակություն կունենան Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման եւ պահանջատիրության վերաբերյալ փաթեթի նախապատրաստման համար:

 


Հայոց ցեղասպանության ճանաչումից՝ հատուցում առաջին գործնական և իրավական քայլն արված է Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով: Գիտաժողովի առանցքային շեշտադրումներից մեկն է՝ Հայաստանն ու սփյուռքը այլեւս պետք է համախմբվեն հայոց իրավական պահանջի շուրջ: ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ անցած 50 տարվա ընթացքում տարված պայքարը ժամանակի կորուստ է եղել, քանի որ մինչ այդ ցեղասպանությունից հետո 50 տարի պայքարն ընթացել է հայրենազրկված հայության իրավունքների վերականգնման, հայրենիքը վերադարձնելու ուղղությամբ:

ԳԱԱ-ի եւ Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկած այսօրվա գիտաժողովի նպատակներից մեկն էլ  այս  թեմայի շուրջ վերջին տարիներին ունեցած գիտական նվաճումները հանրագումարի բերելն է: «Դրանով ոչ թե ավարտվում, այլ սկսում է նոր փուլ՝ ցեղասպանության հետազոտությունները իրավական տեսքի բերելու փուլ: Ճանաչումից գնում ենք փոխհատուցում, որն արդեն իրավական հարթության վրա է գնում գիտական աշխատանքների հետ միասին»,-իր խոսքում նշեց Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Տարածքային հատուցումը շատ մասնագետներ հնարավոր են համարում, քանի որ այն իրավաբանորեն արդեն ամրագրվել Ցեղասպանությունից ընդամենը 5 տարի անց: Խոսքը 1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի դաշնագիրի եւ դրան հաջորդած ԱՄՆ նախագահ Վուդրո Ուիլսոնի իրավարար վճռի մասին է:

ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանի կարծիքով՝ իրավական գործընթացը պետք է ապահովագրվի նաեւ քաղաքական գործընթացով: Սա նշանակում է լուրջ աշխատանք համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատների ուժային կենտրոնների հետ, իսկ այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումները դրա համար նպաստավոր են:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ հույս հայտնեց, որ գիտաժողովը նոր խոսք կասի, որով սահմանագիծ կդրվի, որից հետո լինելու է քրտնաջան աշխատանքը բոլոր մակարդակներով՝ Ցեղասպանության ճանաչման և հատուցման հետ կապված մեր ժողովրդի նպատակներն ու  իղձերը բարեհաջող վախճանին հասցնելու համար:

ԱՄՆ հայագետների ընկերակցության նախագահ Գևորգ Բարդակչյանի խոսքով՝ անելիքները ենթադրում են փաստագրական նյութերի գնահատում: Նա շեշտեց, թե հատուցման պահանջին զուգահեռ, պետք է  շարունակել գիտական աշխատանքները: Ըստ նրա՝ առավել խորը ուսումնասիրելու կարիք կա Օսմանյան Թուրքիայի դաշնակից Գերմանիայի հանցակից դերը Հայոց ցեղասպանության գործում: Այս խնդրին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ գերմանացի գրող եւ պատմաբան Միքայել Հեսեմանը: Նա 20 տարի ուսումնասիրում է  Հայոց ցեղասպանության հարցը եւ արդեն 3500 էջանոց  ուսումնասիրություն ունի: Հարցը դիտարկել է բոլոր կողմերից:

«Գերմանիան կրում է պատասխանատվություն: Ես Գերմանիայում հայտարարել եմ, այստեղ էլ եմ ասում: Իհարկե, Գերմանիան մեղավոր չէ այնչափ որքան Օսմանյան կայսրությունը, սակայն Գերմանիան տեղյակ է եղել, թե ինչ է կատարվում եւ ոչինչ չի ձեռնարկել: Դա պատասխանատվություն է եւ կարծում եմ, որ Բունդեսթագը անհապաղ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Գերմանացի պատմաբանը շեշտեց, որ եթե 100 տարի առաջ Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, ապա հետագա ցեղասպանությունները եւ այսօրվա Մերձավոր Արեւելքի բռնությունները, մարդկության դեմ հանցագործությունները չէին կատարվի:

Back to top button