Հասարակություն

Վրաստանը հնարավոր է կրկին գազ գնի Ռուսատանից

gitaelibekyan
«Վրաստանը հնարավոր է վերսկսի գազ գնել Ռուսատանից»,-օրերս տարածված  լուրը մեծ իրարարանցում է առաջացրել հարևան երկրում: Վրացական ընդդիմությունը պատրաստվում է հոկտեմբերի 17-ին կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնել ընդդեմ ռուսական «Գազպրոմի», իսկ  որոշ  քաղաքագետներ շտապում են նորից մեղադրել իշխանություններին երկրի արտաքին քաղաքական կուրսը փոխելու  մեջ: Կառավարությունն արդարանում է`լուրը չի համապատասխանում իրականությանը:

 

 

 

2008թ. ռուս-վրացական  պատերազմից հետո  Վրաստանն ամբողջովին անցավ ադրբեջանական գազի օգտագործմանը: Սակայն նոր իշխանությունները որոշել են նորից գազ գնել Ռուսատանից: Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն  օրերս ներկայացնելով ռուսական  Գազպրոմի  ղեկավարության հետ բանակցությունների որոշ մանրամասներ,  ասել է. «Մենք անդրադարձել ենք ինչպես Հայաստանին Վրաստանով ռուսական գազ մատակարարելու,  այնպես էլ ռուսական գազը  Վրաստան հասցնելու հարցին: Այսօր մեր հիմնական մատակարարը Ադրբեջանն է, սակայն եթե մենք կարողանանք ստանալ նաև ռուսական գազ,  դա շատ լավ կլինի. երկիրը չպետք է կախված լինի միայն մեկ մատակարարից», -ասել է էնեգետիկայի նախարարը, ում հայտարարությունն անմիջապես  մեծ իրարանցում է առաջացրել:

Ընդդիմադիրները` նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի կուսակիցները, ովքեր օգոստոսյան պատերազմից հետո  հրաժարվեցին ռուսական գազից, առավել ընդյալնելով ադրբեջանականը, ներկա կառավարության քայլը համարում են ռազմավարական սխալ:

Ադրբեջանական մամուլը եվս ակտիվորեն քննարկում էր հարցը, երբ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չծրագրված այց կատարեց Բաքու:  Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում  նշեց` ինչպես կարող է որևէ մեկի մտքով անցնել վերանայել  Ադրբեջանի հետ հարաբերությունները.

«Դա աբսուրդ է և չի համապատասխանում իրականությանը: Մենք Ադրբեջանի հետ սերտ, ընկերական ու  ստրատեգիական  հարաբերություններ ունենք, որոնք այդպիսին էլ կմնան»,-հայտարարեց վարչապետը:

Իսկ Էներգետիկայի նախարարն ավելի ուշ հստակեցրեց, որ «այստեղ խոսքը գնում է առևտրային գազի մասին. ցանկացած մարդ, ցանկացած ընկերություն կարող է  ինքնուրույն գնել գազ և մենք փորձում ենք օգնել նրանց այլընտրանքային աղբյուրներ գտնելու գործում»:

Այս ամենը տարբեր գնահատականների արժանացավ  քաղաքագետների շրջանում: Գիա Նոդիան  իր վերլուծական հոդվածում կրկին մեղադրում է ներկա իշխանություններին, նշելով, որ նման որոշումը փաստացի կնշանակի երկրի քաղաքական կուրսի լուրջ փոփոխություն:

«Սահակաշվիլիի քաղաքականության ձեռքբերումներից մեկն այն է, որ Վրաստանին հաջողվեց ազատվել ռուսական գազի կախվածությունից: Ադրբեջանական գազը բավարար է և եթե Վրաստանը ինչ որ բանի անի,  որ Ռուսատանին դուր չգա, ապա այդ  դեպքում Ռուսատանը գազային մահակով  չի կարող հարվածել նրան»:

Քաղաքագետը միևնույն ժամանակ նշում է, որ այս ամենը հիշեցնում է`  «երազանքի» («Վրացական երազանք» կոալիցիա) իշխանության  առաջին տարիները, երբ այն ժամանակվա «վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բաքու այցից առաջ հրապարակայնորեն  կասկածի տակ վերցրեց եվս մեկ ռազմավարական  ծրագրի` Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի  նպատակահարմարությունը»:

Սակայն ոչ բոլոր փորձագետներն  են այդ կարծիքին: Քաղաքագետ Վաժա Բերիձեն «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ համաձայն է կառավարության  դիրքորոշման հետ.

«Ընդհանրապես ես կարծում եմ, որ  մեր տարածաշրջանի երկրների հարաբերությունները Ռուսատանի հետ անխուսափել են:  Իսկ Գազպրոմի հետ կարելի է գործ ունենալ, սակայն երաշխիքով, որ Ռուսատանն այդպիսով չի փորձի քաղաքական ճնշում գործադրել Վրաստանի նկատմամբ»:

Բերիձեն նաև նշում է. «Ներկայումս Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց դրա հետ մեկտեղ Վրաստանը կարող է փնտրել այլընտընքային միջոցներ,  հաշվի առնելով  նաև իր մեկ այլ կարևոր գործընկերոջ` Հայաստանի շահերը:  Այսինքն մենք պետք է ոչ թե խանգարենք, այլև  օգնենք ու ավելի դյուրացնենք Վրաստանի տարածքով Հայաստանի գազամատակարարումը»:

Հիշեցնենք, Հայաստանը բնական գազ ստանում է  Ռուսատանից  Վրաստանի տարածքով անցնող գլխավոր գազատարի միջոցով: Իսկ  Վրաստանն էլ  ստանում է Հայաստան ռուսական գազի տարանցման ընդհանուր ծավալի 10%-ը:

Back to top button