Հասարակություն

«Շվեյցարիան` ընդդեմ Փերինչեքի արդարացման» գործով որոշումը՝ այսօր

Այսօր կայացվելու է «Շվեյցարիան` ընդդեմ Փերինչեքի արդարացման» վերաքննիչ գործով որոշումը: Եվրադատարանում թուրք ժխտողական Դողու Փերինչեքի մասնակցությամբ դատական վեճի ժամանակ Հայաստանը ներկայացնող փաստաբանական խումբն արդեն Ստրասբուրգում է: Այն ղեկավարում է հանրապետության գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: Նրա գլխավորած փաստաբանական թիմի կազմում են Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Լոնդոնի փաստաբանական պալատի հիմնադիր, միջազգային հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային հայտնի փաստաբաններ Ամալ Քլունին և Թոբի Քոլիսը:

Հիշեցնենք՝ դատական այս պատմությունը զարգացել է այսպես. Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակած Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվում է:

Թուրք ժխտողականը դատի է տալիս Շվեյցարիային եւ շահում դատը: Այնուհետեւ Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկում է սկանդալային վճիռը, որը խոսքի ազատության դրսեւորում է համարում ցեղասպանության ուրացումը: Ի դեպ, հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունն այս գործով հանդես է գալիս որպես երրորդ կողմ ու Եվրադատարանից ակընկալում է արդարացի վճիռ, որը զերծ կլինի այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության փաստը՝ պատմական, իրավական կամ որևէ այլ համատեքստում:

Back to top button