Մշակույթ

Բացառիկ ցուցահանդես Օքսֆորդի համալսարանում

Աշնան գալու հետ միասին ակտիվանում է նաեւ մշակութային եւ կրթական կյանքը Մեծ Բրիտանիայում: Տարվա ամենակարեւոր եւ սպասված իրադարձություններից մեկը կարելի է համարել երկարատեւ ընդմիջումից հետո աշխարհի ամենահին ու հանրահայտ գրադարաններից մեկի՝ Բոդլիան գրադարանի բացումը:

Օքսֆորդի համալսարանի սրտում տեղակայցած այս կարևոր կրթական կենտրոնը հիմնվել է 1602, սակայն արմատներով գնում է մինչեւ 14-րդ դարի խորքերը: Գրադարանը՝ ավելի քան 11 միլիոն գրքերով, իր մեծությամբ երկրորդն է Մեծ Բրիտանիայում:

Մեզ՝ հայերիս համար, հատկապես պատվաբեր է, որ վերանորոգումից հետո կազմակերպված առաջին ցուցդրությունը նվիրված է Հայաստանին ու հայ մշակույթին: Հոկտեմբերի կեսերից մինչեւ 2016թ փետրվար Բոդլիանը կհյուրընկալի «Հայաստան. հարատևող մշակույթի գանձերը» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: 2015-ը նաեւ հիշարժան տարի է Օքսֆորդի համալսարանի համար, քանի որ նշվում է ազգային մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի նվիրատվությամբ բացված Հայագիտական կենտրոնի 50-ամյակը:

Այս կարեւոր ձեռնարկի կազմակերպման նախաձեռնողներն ու հովանավորներն են Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, լոնդոնաբնակ բարերար Րաֆֆի Մանուկյանը եւ «Գալուս Գուլբենկյան» հիմնադրամը: Ցուցադրության համակարգողներն են Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, հայտնի հայագետ Թեո վան Լինտը եւ Բոդլիանի գրադարանավար Ռոբին Մեյերը: Պատվելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ցուցահանդեսի կազմակերպիչները նպատակ ունեն այցելուներին ցույց տալ հայ ժողովրդի բազմադարյա մշակութային ձեռքբերումները՝ հարուստ կրոնական եւ գրական կոթողներից մինչեւ աշխաչհասփյուռ հայկական համայնքների ու առեւտրականների թողած ժառանգությունը:

Ցուցադրության կենտրոնական մեխ կլինեն հայտնի 17-րդ դարասկզբի մանրանկարիչ Մեսրոպ Խիզանեցու ծաղկած հիասքանչ Ավետարանը եւ նրա աշակերտ՝ Հակոբ Ջուղայեցու ձեռագրերը, ինչպես նաեւ հայկական առաջին տպագիր գրքերրի օրինակները:

Հիմնական թեման, այնուամենայնիվ, կլինի Հայոց ցեղասպանության պատմությունը: Ցուցանմուշներ են հավաքվել Մանչեստերի եւ Լոնդոնի համայնքներից, որոնք նկարագրելու են ցեղասպանության արհավիրքը վերապրած ու Մեծ Բրիտանիայում հաստատված հայերի ամենօրյա տնային, մշակութային եւ կրոնական կյանքը՝ անհատական պատմություններով հանդերձ: Կներկայացվի նաեւ Մեծ եղեռնի մասին անդրադարձը ժամանակակից գրականությունում, մասնավորապես՝ Հրանտ Դինքի, Էլիֆ Շաֆակի եւ Ֆեթիյե Չեթինի գործերում:

Ցուցադրությանը զուգահեռ կկազմակերպվեն դասախոսություններ եւ քննարկումներ, ինչպես նաեւ համերգներ:

Նման կարեւոր նախաձեռնությունը վստահաբար իր ազդեցությունը կունենա բրիտանական լայն հասարակության եւ հատկապես՝ միջազգային ուսանողական շրջանակում, Հայաստանի պատմության եւ մշակույթի ու Հայց ցեղասպանության մասին իրազեկմանը ու ճանաչողության մակարդակի բարձրացմանը:

Back to top button