Մշակույթ

Բանաստեղծ Գիվի Շահնազարը՝ Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (լրացված)

տեղադրվել է ժամը 14։25- ին
լրացվել է ժամը 18։ 46- ին

gitaelibekyan

Թբիլիսիի քաղաքապետարանը վաղը` հոկտեմբերի 16-ին պատվավոր քաղաքացու կոչում կշնորհի թարգմանիչ, բանաստեղծ Գիվի Շահնազարին: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա քաղաքի տոնի` Թբիլիսոբայի միջոցառումների շրջանակներում, «Ռադիոլուրին» տեղեկացրել են Թբիլիսիի քաղաքապետարանից:  

 

«Այստեղ` երկու քայլ հարևանությամբ ապրում  ու ծաղկում է այնպիսի արժեքավոր գրականություն, որը  կապված է Նարեկացու, Չարենցի, Սևակի անվան հետ և ես երջանիկ եմ նրա համար, որ   հայկական պոեզիան մոտեցրել  եմ վրացականին»,- ասում է բանաստեղծ Գիվի Շահնազարը։

Գրիգոր Նարեկացի, Նահապետ Քուչակ, Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Պարույր Սևակ. Հայ մեծերի ստեղծագործություններն է նա ներկայացրել վրաց հասարակությանը: Շահնազարի  թարգամանությունները վրաց ընթերցողը ընդունել է, ճանաչել ու բարձր գնահատել:

Շահնազարը վրացական կրթություն է  ստացել, սակայն ինչպես հիշում է, միշտ ցավ է ապրել, որ չգիտի  հայերեն: Այնուհետև ընդունվել է  Թբիլիսիի պետհամալսարանի հայագիտության բաժինը,  ուսումնասիրել   գրաբար ու  աշխարաբար,  ուսանողական տարիներից  սկսել առաջին քայլերը թարգմանական գործում։ «Միշտ մտածում էի` իմ ազգի մեծերի գործերը կարողանամ թարգմանել ու դրանց հետ հարևան ժողովրդին  ծանոթացնեմ»:

Առաջին թարգմանությունը` Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը, տպագրվեց համալսարանական թերթում: Պրոֆեսոր, հայագետ Լևոն Մելիքսեթ- Բեկը հավաստիացրեց`  վերջապես հայտնվել է  մեկը: Այսօր 80- ամյա Շահնազարը շարունակում է թարգմանություններ անել՝ սեղանին միշտ ունենալով Նարեկը:

Այս ստեղծագործության թարգմանությունը սկսելու համար նրանից 20 տարի է պահանջվել։ «Դա այնպիսի մի  պայքար էր… տանջվում էի, ուզում էի, որ այսպիսի բարդ գործ  թարգմանեմ: Հետո զգացի` այ տղա ուր ես գնում, պետք է դեռ իմանաս որտեղից է գալիս։ Սկսեցի  եկեղեցական գրքերի ու բազմաթիվ աշխատությունների ուսումնասիրությունից,   որ մի քիչ մոտենամ,  չսխալվեմ: Հիմա կա, իհարկե, քիչ, բայց Նարեկացու քիչը, դա շատ է…» :

Հիմա հպարտ է` Վրաստանում գիտեն, թե հարևան ժողովուրդն ինչ գանձ ունի:  Շատ ու վատ թարգմանությունը Շահնազարի գործը չէ:  Ինչպես ասում է, «իմ նպատակը մեկն է` կարողանալ այդ բարձրությունը ցույց տալ վրացերենով»:

Ի դեպ՝ վրացի մի շարք գրողներ, ովքեր ասում էին, թե Չարենցը սովորական գրող է ու զարմանում էին, թե ինչպես են շատերը  բարձր դասում նրան, Շահնազարի վրացերեն թարգմանությունից հետո  փոխում են կարծիքը։ «Ահա թե ինչպես պետք է թարգմանել»,- ասում են նրանք:

Իսկ Քուչակը վրացերենով այնքան գեղեցիկ է հնչում, որ դժվար է տարբերել` բնագի՞ր է, թե՞ թարգմանած գործ: Շահնազարը թարգամանել է նաև Սայաթ-Նովայի խաղերը: Ոչ բոլորը, քանի որ, ինչպես ասում է, կան խաղեր, որոնք անհնար է թարգմանել։

Ողջ կյանքը երկու ժողովուրդների գրականությանը նվիրած մտավորականը ցավում է, երբ հայերի ու վրացիների  միջև տարաձայնություններ են լինում. ուզում է, որ  դարավոր բարեկամ ու հարևան ժողովուրդները խաղաղությամբ ապրեն կողք կողքի։ «Մի պարզ բան երբեք  չպետք է մոռանանք` մեր հարաբերություններն աստվածային ուժ ունեն: Աստված մեզ կպատժի, եթե դա մոռանանք»:

Back to top button