Հասարակություն

Արցախում ուռուցքաբանական կենտրոն է կառուցվում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Ստեփանակերտում սկսել է ուռուցքաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները: Մասնագիտացված կենտրոնի կառուցումը հովանավորում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը` ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Ինչպես տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից, արդեն պատրաստ են կառույցի հիմքերը, ընթացքում են նկուղային հարկի հատակի բետոնացման աշխատանքները: Ստեփանակերտի նորաբաց հանրապետական բժշկական կենտրոնի եւ պոլիկլինիկայի հարեւանությամբ կառուցվող ուռուցքաբանական կենտրոնը բաղկացած կլինի նկուղային եւ վերգետնյա 3 հարկերից:

Հիվանդանոցը ստորգետնյա անցումով կկապվի Հանրապետական բժշկական կենտրոնի հետ: Շենքը կզբաղեցնի ընդհանուրը շուրջ 2 հազար 520 քմ մակերես:

Կենտրոնում նախատեսվում է իրականացնել ուռուցքաբանության մեջ ընդունված արդի բուժական եւ ախտորոշիչ բոլոր միջամտությունները, բացառությամբ ճառագայթային բուժումից:

ԼՂՀ գլխավոր ուռուցքաբան, ուռուցքաբանական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանի խոսքով` տարեկան կտրվածքով Արցախում ուռուցքաբանական խնդիրներ է ունենում ավելի քան 700 մարդ, ովքեր ստացիոնար բուժում են ստանում 60-ականներից ժառանգած խարխուլ շենքում, շատերն էլ նախընտում են մեկնել Երեւան, կամ հնարավորության դեպքում` բուժվել արտերկրում:

Ընթացքի մեջ է բուժաշխատողների ընտրությունը, ովքեր վերապատրաստման նպատակով կմեկնեն Ֆրանսիա: «Կենտրոնը հավակնում է լինել լավագույններից մեկը տարածաշրջանում»,- կարծիք է հայտնում գլխավոր ուռուցքաբանը:

Կենտրոնը կունենա ընդհանուր, կլինիկական պաթոմորֆիական լաբորատորիաներ, ռենտգեն ախտորոշման, մամոգրաֆիայի եւ մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիայի (MRT) կաբինետներ, վիրահատարաններ եւ ինտենսիվ թերապիայի սենյակներ: Ստացիոնար բաժանմունքում կբուժվեն ինչպես վիրաբուժական, այնպես էլ թերապեւտիկ (քիմիոթերապիա) պրոֆիլի հիվանդները: Դիսպանսերը նախատեսված է 35 հիվանդի համար:

Back to top button