Աղավնաձորի դպրոցը տոնում է 100- ամյակը


Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի միջնակարգ դպրոցը տոնում է 100-ամյա հոբելյանը: Ուսուցչի օրվա և հոբելյանական տոնի կապակցությամբ դպրոցի տնօրենը պարգևատրվել է կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով: Դպրոցն իր հարկի տակ էր հավաքել նախկին շրջանավարտներին: Հոբելյանական տոնին մասնակցել է նաև տարածքային կառավարաման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Մինչ այդ նա եղել է նաև Վաղարշապատի թիվ 8 դպրոցում, հետևել տանիքի նորոգման աշխատանքներին, որտեղ ներդրվել է 29 միլիո 250 հազար դրամ:
399 մլն 404 հազար դրամ Արմավիրի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման համար: Սա նախագահի մարզերի հրատապ խնդիրների լուծման ծրագրով նախատեսված հատկացումներն են: Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 8 դպրոցում, չնայած անձրևոտ եղանակին, հիմնովին փոխվում է տանիքը: Աշխատանքները սկսվել են 25 օր առաջ և դեռ ընթացքի մեջ են:
Դպրոցի տնօրեն Եսթեր Գալստյանը նշեց, որ 60 տարվա ընթացքում մասնակի նորոգումներ եղել են, սակայն առաջնային խնդիրը տանիքնի հիմնանորոգումն էր: Դպրոցում սովորում է 315 աշակերտ:
Մարզում դեռ կան կրթօջախներ,որոնք ունեն հիմնանորոգման խնդիր, որտեղ աշակերտները մի կերպ են պարապմունքներն անցկացնում: Սակայն այլ է պատկերը Աղավնատուն գյուղի միջնակարգ դպրոցում: Ութ տարի առաջ հիմնանորոգված դպրոցը նույնությամբ պահել է իր տեսքը, մաքուր է, գեղեցիկ կահավորված:
Այս տարի լրացավ դպրոցի հիմնադրման 100 ամյակը: Այն ստեղծվեց հայոց պատմության ամենադժվարին տարիներին, իսկ դասերն սկսեցին անցկացվել գյուղի եկեղեցու բակում։ 1928 թվականին կառուցվել է դպրոցը, 10 տարի անց այն դարձել միջնակարգ։
1953 թվականին դպրոցն ունեցել է առաջին մեդալակիրը, որից հետո նրանց թիվը հասել է 37-ի: 1968 թվականին կառուցվել է նոր շենքը: Դպրոցի տնօրեն Արմենակ Ավետիսյանը նույն դպրոցի շրջանավարտներից է և ունի 42 տարվա մանկավարժական ստաժ: Արդեն 30 տարին տնօրինում է հարազատ կրթօջախը:
Շնորհավորելով հոբելյանական տոնի կապակցությամբ՝ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դպրոցականներին հրավիրեց նախարարություն՝ ճանաչողական շրջայցի:
Դպրոցը կրում է զոհված ազատամարտիկ Ղուկաս Աբգարյանի անունը, ռազմիկ, ով կյանքի նվիրումով պաշտպան կանգնեց իր հայրենիքին: Կրթության և գիտության նախարարության պատվոգրերին ու շնորհակալագրերին արժանացան մի շարք վաստակաշատ մանկավարժներ, որոնք հանձնեց կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, իսկ դպրոցի տնօրեն Արմենակ Ավետիսյանին հանձնվեց ԿԳՆ ոսկե հուշամեդալ:
Աղավնատան միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենակ Ավետիսյանը հանրապետությունում տարիներ առաջ ճանաչվել է դպրոցի լավագույն տնօրեն։
Մանկավարժական կոլեկտիվին շնորհավորանքի խոսք ասաց և պատվոգրեր հանձնեց նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: