ԿարևորՔաղաքական

Նոր ժամկետներ եւ նոր հստակեցումներ հայ- իրանական ծրագրերում

lianaeghiazaryan

Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի գլխավորած պատվիրակությունը: Աշխատանքային օրվա ավարտից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Էսհաղ Ջահանգիրն ամփոփել են երկկողմ հանդիպումների արդյունքները ու շեշտել` մեկ տարի առաջվա խնդիրներն այսօր որոշակիորեն լուծվել են, օրինակ` երրորդ բարձրավոլտի դադարեցված շինարարությունն արդեն վերսկսվել է:

 

Ջերմ եւ բարեկամական. երկկողմ հանդիպումներն ու քննարկումները այսպես են բնորոշում մեր երկրի կառավարության ղեկավարն ու Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահը: Օրը հագեցած է եղել քննարկումներով:

Նախ Աբրահամյան- Ջահանգիր առանձնազրույցին, ապա ընդլայնված կազմով քննարկմանը հաջորդում է լրագրողների հետ հանդիպումը արդեն աշխատանքային օրվա ավարտից հետո:

Հայ-իրանական գործակցության նոր ուղղություններ են նախանշվում, սա նախ փաստում է Հայաստանի վարչապետը: Հովիկ Աբրահամյանը մեկ տարի առաջ է եղել Իրանում, այն ժամանակ Իրան-Հայաստան երկկողմ ծավալուն ծրագրերի մասին դեռ «եթե»-ներով էր խոսք գնում: Իրանի միջուկային ծրագրի շուրջ շրջանակային պայմանավորվածությունը եւ պատժամիջոցների աստիճանական վերացումն արդեն թույլ են տալիս խոսել կոնկրետ թվերով ու ժամկետերով:

Հստակեցվել են Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա անելիքները եւ Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերում գազի բաշխման կայանների ծրագրերի ընթացքը: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը շարունակում է մնալ քննարկումների առանցքում, մանրամասնում է Հովիկ Աբրահամյանը:

Իրանի առաջին փոխնախագահը շարունակում է ծրագրերի թվարկումը: Տարածաշրջանի այլ երկրների օժանդակությունն է ակնկալվում Պարսից ծոցը Սեւ ծովի ճանապարհներին միացնելու համար: «Հայ-իրանական հարաբերությունները զարգացման ուղով են ընթանում, ոչ մի սահմանափակում չկա: Երրորդ բարձրավոլտ գծի շինարարության ծրագրի իրականացման առումով որոշ ժամանակ առաջ դժվարություններ կային, սակայն երկկողմ ջանքերի արդյունքում այն այժմ վերսկսվել է: Իսկ ազատ տնտեսական գոտիների առկայությունը թույլ է տալիս գործակցության նոր հնարավորություններից խոսել»,- ասում է:

Երկկողմ վստահություն կա, որ ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությունը նաեւ Իրան-Հայաստան գործակցության նոր պատուհաններ կբացի: Իրանը, ի դեպ, ակնկալում է, որ առաջիկայում ԵՏՄ-ի հետ իր գործակցության ձեւաչափը կհստակեցվի: Նոր պատուհանից խոսելով՝ Էսհաղ Ջահանգիրը հայտարարում է` շուտով Իրան-Հայաստան սահմանին`Նորդուզ սահմանային շրջանում, կսկսի գործել մեկ մաքսային պատուհան` միասնական մոտեցումների կիրառմամբ:

Հիշեցնեմ` հայ գործարարները դժգոհում են մաքսային օրենքների անհավասարությունից` նշելով, որ Հայաստան կարելի է առանց մաքսատուրքի ներմուծել 7200 ապրանքատեսակ, մինչդեռ Իրան արտահանումների դեպքում հայ գործարարները գտնվում են անհավասար պայմաններում:

Այս ու նման հարցերն էլ իրենց լուծմանն են սպասում: Իսկ լրագրողների հարցերն այսօր պատասխան չստացան, բարձրաստիճան անցանց հետ ասուլիսի ձեւաչափ նախատեսված չէր: Վաղը առավոտյան Երեւանում, իսկ առաջիկայում Թեհրանում սպասվում են հայ-իրանական գործարար համաժողովներ: Ակնկալվում է, որ դրանց ժամանակ արդեն առավել առարկայական կդառնան նոր գործարար ծրագրերն ու ավելի հստակ` հարցերի պատասխանները:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014-ին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 4.9%-ը բաժին է ընկել Իրանի հետ առևտրին: Առեւտրաշրջանառության հիմնական մասը բաժին է ընկնումԻրանից ներմուծմանը` 291 մլն դոլարից 206,5 մլն դոլարը:

Back to top button