Քաղաքական

Ղարաբաղյան հակամարտության հետագա սրացումն ուղղակի անթույլատրելի է. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից, քաղաքական կամք դրսևորել փոխզիջման հասնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ցավոք, քաղաքական երկխոսության վերսկսումը բարդանում է իրավիճակի սրմամբ հակամարտության գոտում, զոհերի քանակի աճով, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Մենք կարծում ենք, որ հետագա սրացումն ուղղակի անթույլատրելի է: Կոչ ենք անում կողմերին հրաժարվել ուժի կիրառումից, քաղաքական կամք դրսևորել, ինչն անհրաժեշտ է փոխզիջման հասնելու համար»,-ասել է նա:

«Համանախագահները կայցելեն տարածաշրջան հոկտեմբերի ավարտին` հանդիպելու նախագահների հետ և նախապատրաստելու նրանց հաջորդ գագաթնաժողովին: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը թույլ կտա առաջխաղացում գրանցել ղարաբաղյան կարգավորման գործընթացում և կնպաստի իրավիճակի կայունացմանը անվտանգության ոլորտում»,-ասել է նա եւ նշել, որ այդ թեման դարձել է նաև Սերգեյ Լավրովի ու նրա օտար գործընկերների միջև ընթացիկ շփումների քննարկման առարկա։

«Մենք տվյալ հարցի շուրջ աշխատում ենք ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ սերտ փոխգործակցությամբ։ Ոչ վաղ անցյալում Ռուսաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որի ժամանակ քննարկվեցին համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցի շեմին կարգավորման գործնական հարցերը»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

 

Back to top button