Հասարակություն

Հայաստանը մի շարք աֆրիկյան երկրների հետ փաստաթղթեր է ստորագրել

Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աֆրիկյան վեց երկրների արտգործնախարարների հետ ստորագրել է հարաբերությունների զարգացմանը միտված յոթ փաստաթուղթ։

Սենեգալի Հանրապետության հետ ստորագրվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման մասին փոխըմբռնման հուշագիր:

Հայաստանի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև ստորագրվել է արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է մշակութային համագործակցության մասին հուշագիր, նաև հուշագիր արտաքին գործերի նախարարությունների համագործակցության մասին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կոմորյան կղզիների միության Հանրապետության արտաքին գործերի, համագործակցության հարցերով նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև Հայաստանի ԱԳՆ և Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության և աֆրիկյան ինտեգրման հարցերով նախարարության միջև։

Հայաստանի արտգործնախարարության և Կոտ դ’Իվուարի արտաքին գործերի նախարարության միջև ստորագրվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր։

Back to top button