Խաղողի մթերումն աստիճանաբար կարգավորվում է


Խաղողի իրացման հարցը աստիճանաբար կարգավորվում է։ Արմավիրի մարզի Ամասիա գյուղում նախագահի հանձնարարականից հետո երեկվանից վերսկսել են խաղողի մթերումը, ընդունվելու է 1000 տոննա խաղող: Պայմանագիր չունեցող այգեգործների խաղողը մթերվում է Մյասնիկյանի գինու գործարանում: Երեկ գործարանում է եղել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Իսկ այսօր Էջմիածինցի այգեգործներն են սեղանի սորտի խաղողի իրացման խնդրով դիմել մարզպետին:
Մյասնիկյանի գինու գործարանի մուտքի մոտ օրերով հերթի կանգնած խաղող մթերող այգեգործներն են միմյանց հետ վիճում այգեգործությունը բանջարաբոստանայինով փոխարինելու մասին, քանի որ բերքի իրացումը գյուղացիների համար դարձել է հոգս: Տարբեր գյուղերից պայմանագիր չունեցող գյուղացիների խաղողը մթերվում է Մյասնիկյանի գինու գործարանում՝ «Գինու կոնյակի տուն Շահնազարյաններ» ՍՊԸ- ում։
Գործարանն աշխատում է 6 ժամյա ընդմիջումով: Խաղողը մթերում են մինչև լուսաբաց: Ընկերության արտադրամասի վարիչ Սամվել Ասիրբեկյանը տեղեկացրեց, որ մթերելու են մինչև 6500 տոննա խաղող՝ մեկ կիլոգրամը 135-150 դրամ արծողությամբ:
Խաղողի մթերման խնդիրներով հետաքրքրված՝ երեկ գործարան էր այցելել տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և խոստացել անել ամեն հնարավորը ամբողջ բերքը մթերելու համար:
Խաղողով բեռնված մեքենաների բերքը թթվում է օրերով տարբեր գործարանների առջև սպասելուց, քացախանում է և գյուղացին ստիպված թափում է, ասել է թե ջուրն է լցնում իր ողջ տարվա քրտինքը և այն եկամուտը, որն սպասում էր բերքի իրացումից՝ պարտքերը մարելու նպատակով:
Մյասնիկյանի գործարանի արտադրամասի վարիչ Սամվել Ասիրբեկյանը նշեց, որ քացախացած խաղողով մեքենաները հետ են դարձրել, որպեսզի չփչացնեն գինին:
Խաղողի «Այվազյան» սորտի մթերման խնդրի առջև են կանգնել Էջմիածնի Զվարթնոց թաղամասի այգեգործները: Նրանք այսօր հանդիպել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ՝ խնդրելով օգնել իրացնել բերքը: Անցած տարի նրանք ամբողջ խաղողն իրացրել են Սասունիկի «Արմենիա վայն» գործարանում, որն այս տարի պայմանագիր չի կնքել էջմիածինցի այգեգործների հետ: Մասիսում նույնպես չեն ընդունել:
Անցած տարի սեպտեմբերի կեսին արդեն խաղող չունեին, իսկ այս տարի դեռ խաղողը չեն քաղել, հասունանում և թափվում է: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունել է խաղողագործներին և պայմանավորվել բերքը մթերել Մյասնիկյանի գինու գործարանում մեկ կիլոգրամը 135 դրամով:
Նախագահի հանձնարարությամբ երեկվանից վերաբացվել է Երևանի գինու, կոնյակի և օղու գործարանի Ամասիայի մասնաճյուղը, որը մթերելու է 1000 տոննա խաղող: