ՄշակույթՑեղասպանություն 100

Թուրք գրողի երազանքը. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կրկնօրինակը տեսնել Անկարայում

alisagevorgyan

«Իմ ամենամեծ երազանքն է, որպեսզի Անկարայում բացվի Ծիծեռնակաբերիդի հուշահամալիրի կրկնօրինակը, և ինչպես հայերն են ապրիլի 24-ին ծաղիկներ խոնարհում ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող  հուշարձանին, նույնը անեն և թուրքերը՝ Անկարայում»,- Երևանում այսօր ասել է գերմանաբնակ թուրք հայտնի մտավորական Քեմալ Յալչընը, ով առաջին անգամ է Հայաստանում և այսօր առաջին անգամ այցելել է Ծիծեռնակաբերդ։

 

Քեմայ Յալչընh ազգությամբ թուրք է, մահմեդական, հայի, հայկականության հետ որևէ առնչություն չի ունեցել, թերևս միայն այնքանով, որքանով դպրոցական ու ուսանողական դասագրքերում կարդացել է՝ հայերը դավաճաններ են:

Հակաիշխանական հայացքների համար 1980- ից Գերմանիայում բնակություն հաստատած Քեմալը հենց այստեղ ուսուցիչների վերապատրաստաման խմբում հանդիպում է առաջին հային՝  պոլսահայ Մելինեին: «Մելինեն մեզ դասավանդում էր, պատմում էր տարբեր երկրների՝ Չինաստանի, Ֆինլանդիայի, Հնդկաստանի մասին, բայց Հայասատնի ու հայերի մասին՝ երբեք: Երբ հարցրի՝ ինչու չեք պատմում ձեր հայրենիքի , ձեր ժողովրդի մասին, Մելինեն ասաց՝ մեր ցավը պատմելու չէ: երբ ասացի, որ ուզում եմ գրել հայերի մասին,  ստիպեց , որ խոստանամ՝ գնալ Կիլիկիա, գտնել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգներին, խոսել նրանց հետ, որից հետո միայն խոստացավ խոսել  ինձ հետ իր ցավի մասին »,- պատմում է Քեմալ Յալչնը:

Առաջին անգամ Հայաստան այցելած թուրք գրողն այսօր առաջին անգամ այցելել էր Ծիծեռնակաբերդ: «Ցնցված եմ, չափազանց հուզված: 5000-ից ավելի էջ եմ նվիրել հայ ժողովրդին ու Հայոց ցեղասպանությանը, բայց գիտեմ, որ դա ոչինչ է այն տառապանքի առաջ, որը վերապրել է այս ժողովուրդը: Հավատացեք, որ անկեղծորեն կրում եմ այդ ցավը իմ հոգու մեջ և գիտակցում, որ շատ բան ունեմ դեռ անելու ձեր արդար դատը պաշտպանելու համար»,- ասում է թուրք մտավորականը

Քեմալ Յալչընն այսօր խոստովանեց, որ Երևանում իր համար ամենամեծ  անակնկալը, թերևս,   Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերի անուններով  թաղամասերն են՝ Մալաթիա, Սեբաստիա, Արաբկիր և այլն: Բացի այդ՝ ամենուր են թուրքական յաթաղանին զոհ գնացած հայ մտավորակականների, ինչպես նաև Կոմիտասի , Թեքեյանի, մյուսների անունները: «Ակնհայտ է, որ այդ աստաղաբույլի ներկայությունն ապրեցնում է այս հողը»,- ասում է թուրք գրողը։

«Չգիտեմ ես կտեսնեմ թե ոչ, բայց համոզված եմ, որ որդիս կտեսնի իմ ամենամեծ երազանքն իրականություն դարձած: Երազում եմ, որպեսզի Անկարայում բացվի Ծիծեռնակաբերիդի հուշահամալիրի կրկնօրինակը, և ինչպես հայերն են ապրիլի 24-ին ծաղիկներ խոնարհում անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող  հուշարձանին, նույնը անեն և թուրքերը՝ Անկարայում»,- ասում է Քեմալ Յալչըն։

 

Back to top button