Հասարակություն

Տպագրվել են Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերի հուշարձանների քարտեզ-ուղեցույցներ

alisagevorgyan
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի շրջանակներում «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամն ու «Թվային հուշարձան» ՀԿ հրատարակել են Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերի պատմական հուշարձաններին նվիրված  քարտեզ-ուղեցույց: «Նման ուղեցույցները կարևոր են հայրենաճանաչության և զբոսաշրջության զարգացման համար»,-լրագողների հետ հանդիպամանն այսօր ասել է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

 


Լոռու և Տավուշի մարզերի պատմաճարտարապետական հուշարձաններին նվիրված ուղեցույցներից հետո «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամը «Թվային հուշարձան» կազմակերպության հետ համագործակցության արդյունքում առաջարկում է նոր քարտեզ –ուղեցույցներ՝ նվիրված Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հուշարձաններին: «Նման ուղեցույցները հնարավորություն են տալիս, որպեսզի նախ մենք ճանաչենք մեր հայրենիքը, ապա նաև մեր հյուրերը»,-ասում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: «Թվային հուշարձան» կազմակերպության նախագահ Արմեն Գևորգյանի փոխանցմամբ տպագրվել են 3000 ուղեցույցներ, որոնք անվճար տրամադրվել են Կոտայքի ու Գեղաքունիքի մարզկենտրոններին, մի շարք հյուրանոցների, ավելի քան 40 տուր-օպերատորների:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մայրաքաղաքային հյուրանոցների նման վերաբերմունքը որակում է՝ անտրամաբանական անտարբերություն: «Մեր հյուրանոցները գաղափար չունեն զբոսաշրջությունը խթանող գրքերից ու ուղեցույցներից, մինչդեռ պետք է լինեն դրանց պատվիրատուն»,-ասում է  հուշարձանագետը:

Նոր ֆինանսական միջոցներ ի հայտ գալու դեպքում շարքը կշարունակվի և կտպագրվեն քարտեզ-ուղեցույցներ նվիրված Հայաստանի բոլոր մարզերի պատմաճարտարապետական հուշարձաններին: Ինչպես նկատում է Արմեն Գևորգյանը, դրանք անպայման կգտնեն իրենց հասցեատերերին:

Back to top button