

Սահմանադրության փոփոխությունները նպատակ ունեն վերականգնել իշխանության համակարգի հավասարակշռությունը և վերացնել այն անջրպետը, որն այժմ կա սահմանադրական իրավունքի ու սահմանադրական պրակտիկայի միջև. դիտարկումն այսօր արել է սահմանադրագետ, փոփոխությունների նախագիծը մշակած մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Նա մասնակցել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած հանրային քննարկմանը: Դրան մասնակցել են նաև փոփոխությունները պաշտպանող և մերժող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հնչել են թեր և դեմ կարծիքներ: Քննարկմանը յուրօրինակ մասնակցություն են ունեցել նաև «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները: Նրանք ելույթներին հետևել են «Ոչ» մակագրությամբ պաստառներով:
Սահմանադրական փոփոխութունների անհրաժեշտության մասին ժամանակին խոսել են բոլոր քաղաքական ուժերն անխտիր. նրանց մեծ մասը խոսել է խորհրդարանական, իսկ փոքր մասը ՝ կառավարման գործող կարգը պահպանելու օգտին: Այս հիշեցումն այսօր արեց Սահմանադրության փոփոխությունների գործընթացն առանց վերապահումների պաշտպանող Դաշնակցության ներկայացուցիչը՝ Արծվիկ Մինասյանը, գործընթացի շուրջ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ: «Այսինքն, քաղաքական պահանջը եղել է: Եվ մասնագիտական հանձնաժողովը իրավական ձևակերպում է տվել այն բոլոր խնդիրներին, որոնք ունենք»
Մինչ իրավական կոնկրետ ձևակերպումներին անցնելը՝ Արծվիկ Մինասյանին հարց ուներ քննարկման մասնակիցենրից մեկը: Բայց մինչ հարցը դաշնակցությանն ուղղված հիշեցում կար: «Դուք ամեն ընտրություններից հետո բողոքել եք ընտրություններից և դրանց լեգիտիմությունը կասկածի տակ եք դրել: Խոսքը համարյա բոլոր ընտրությունների մասին է։ Հիմա նոր երաշխիքներ ունե°ք, որ այս հանրաքվեն այլ կերպ է անցկացվելու»,- հարցրեց « Չեք անցկացնի» նախաձեռնության անդամը:
Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը «Հանրաքվեի մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունների մասին խոսեց: Նշեց, որ դրանցով հավասար քարոզչության հնարավորություն է սահմանվել ոչ միայն «Այո»-ի , այլ նաև «Ոչ»- ի քարոզի համար, նաև հանձնաժողովներում վստահված անձանց և դիտորդների ինստիտուտն է հստակցվել:
Ի դեպ, այսօր պարզ դարձավ, որ մի փոփոխություն էլ ՀՅԴ-ն կփորձի կյանքի կոչել մինչև դեկտեմբերի 6-ի հանրաքվեն: «Խոսքը նույնականացման քարտերի մասին է: 500 հազարից ավելի ընտրող այսօր ունի այդ քարտերը, բայց հնարավորություն չունի մասնակցելու ընտրություններին: Այս հարցը պետք է կարգավորվի»:
Գործող սահմանադրությունը բացառում է Հայաստանում էվոլյուցիոն որևէ զարգացում, թեկուզ այն իմաստով, որ իշխանափոխության հնարավորություն չի տալիս: Այս կարծիքը քննարկման ժամանակ հայտնեց «Համաձայնություն» կենտրոնը ներկայացնող Դավիթ Շահնազարյանը: «Մենք մի պետություն ենք, որտեղ մեր 25 տարվա ընթացքում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել»:
Պատճառը գործող Սահմանադրությունն է, նկատեց Շահնազարյանը, իսկ փաստաթղթի բովանդակային մի քանի կետեր վերլուծելով՝ եզրահանգեց, որ դրական կողմերը գործող Սահմանադրության համեմատ ավելի շատ են: Շահնազարյանի հիմնական մտահոգությունը կապվում է տարածքային ամբողջականությանը վերաբերող դրույթի հետ: Սահմանադրության 205-րդ հոդվածն, ըստ նրա , համարժեք քննարկման չի արժանացել:
«Թե «այո»-ի, թե «ոչ»-ի կողմնակիցները այս հարցը չբարձացրին: Ստացվում է, որ իշխանությունն ավելի կարևոր հարց է, քան թե պետականությո՞ւնը։ Սա լրջագույն վտանգ է: Ներկայացված նախագծը չի երաշխավորում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:
Տեսակետը, թե գործող սահմանադրությունը իշխանափոխության հնարավորություն չի տալիս, աբսուրդային որակեց ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, ում գնահատմամաբ պատճառը ոչ թե Սահմանադրությունն է , այլ չկայացած ընտրական համակարգը:
Իսկ ընդհանրապես ՀԱԿ-ը համոզված է՝ խնդիրը ոչ թե ինչն է, այլ ինչու-ն։ Կարևորն այն չէ, թե որ դրույթներն են փոխվում, այլ այն, թե ինչու են փոխվում և ընդհանրապես ինչու է փոխվում կառավարման սահմանադրական կարգը: Զարգացած ժողովրդավարական երկրներն այդպես չեն վարվում, նկատեց Լևոն Զուրաբյանը և կրնկնեց ՀԱԿ-ի դիրքորոշումը, Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, նախաձեռնության միակ նպատակը վերարտադրությունն է:
Ի դեպ՝ քննարկմանը «Ոչ» պաստառներով մասնակցում էին «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները: Լսարանում պաստառները վեր էին բարձրանում հատկապես սահմանադրական փոփոխությունները պաշտպանող ելույթների ժամանակ: Լևոն Զուրաբյանը սա հանրաքվեի նախատիպ որակեց: