Միջազգային

Նիդեռլանդներն ու Ռուսաստանը առանձին ներկայացրեցին Բոինգի կործանման պատճառները

2014- ի հուլիսի 17- ին Ուկրաինայում կործանված «Մալայզիական ավիաուղիների» Բոինգ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի արեւելքում «Բուկ» հրթիռային համակարգից արձակված հրթիռով,  նշված է Նիդեռլանդների Անվտանգության խորհրդի այսօր ներկայացված հետաքննության մեջ։

Վերլուծելով ինքնաթիռի վնասների բնութագրերը՝ խորհուրդը պարզել է, որ հրթիռը պայթել է օդաչուի խցիկի ձախ մասում Լոնդոնի ժամանակով ժամը 13։20։03- ին։

Զեկույցը չի քննարկել հարցը, թե ով է մեղավոր Բոինգի կործանման համար, քանի որ դա  Անվտանգության խորհրդի լիազորության մեջ չի մտնում։

Իր հերթին «Բուկ» համակարգեր արտադրող ռուսական «Ալմազ- Անթեյ» կոնցերնն այսօր ներկայացրել է իր հետաքննության վերջնական արդյունքները։

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ իրենց հետազոտության համաձայն՝ հրթիռը չէր կարող արձակվել Սնեժնի շրջանից, որն այդ ժամանակ գտնվում էր ռուսամետ ուժերի վերահսկողության տակ (այդ շրջանն են մատնացույց անում միջազգային փորձագետները), այլ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ գտնվող Զարոշչենսկից։ Ընկերությունը նշել է, որ մալայզիական ինքնաթիռը խոցվել է հին «Բուկով», որի արտադրությունը դադարեցվել է 1986 թվականից։

 «Մալայզիական ավիաուղիների» Boeing 777 ինքնաթիռը որն Ամստերդամից ուղեւորվում էր Կուալա Լումպուր, կործանվել էր Դոնեցկում անցած տարվա հուլիսին։ Զոհվել էին օդանավում գտնվող 298 ուղեւորներն ու անձնակազմի անդամները։

Back to top button