Տնտեսական

Հարուստների եւ աղքատների բեւեռացումը շարունակում է մեծանալ

lianaeghiazaryan

Հայաստանում ամենաաղքատ ու ամենահարուտ խավերի եկամուտների միջև տարբերությունը, այլ կերպ ասած` սոցիալական բեւեռացվածությունն ավելանում է: Մեր երկրի սոցիալական ու ֆինանսական մտահոգիչ ցուցանիշերը համատեղ հանգեցրել են Ջինի գործակցի փոփոխության: Ազգային վիճակագրական ծառայությունն այս մասով իր հաշվարկներն ունի, որոնք, սակայն, մի շարք տնտեսագետներ իրականությունից հեռու են համարում` հայտարարելով` Հայաստանում հարուստ խավի եկամուտների մեծ մասը գտնվում է ստվերում, եւ վիճակագրական ծառայության կողմից չի հաշվառվում։

 

2016-ի բյուջեով հանրապետությունում նվազագույն աշխատավարձերի եւ կենսաթոշակի բարձրացում չի սպասվում: Պետական միջոցներն են սուղ, բացատրում են կառավարման օղակներում: Եկող տարվա համար կառավարությունը կանխատեսում է այս տարվանից ավելի ցածր տնտեսական աճ` 2.2 տոկոս, այս դեպքում էլ բացատրելով, որ 2016-ին գուցե գյուղատնտեսական տարին այս տարվա նման բարեհաճ չլինի:

Սրան զուգահեռ` այս տարվա ընթացքում մեր քաղաքացիների մի ստվար զանգվածի եկամուտները կտրուկ կրճատվեցին ռուսաստանաբնակ իրենց ազգականներից ստացվող ֆինանսական օգնության` տրանսֆերտների կրճատման պատճառով: Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցները շարունակվում են, այդ երկրում էլ ֆինանսական վիճակի կայունացման դեռ որեւէ կոնկրետ ժամկետ չի ուրվագծվում:

Բոլոր այս խնդիրներն իրար գումարվելով ու արտահայտվելով ամենատարբեր դրսեւորումներով` Հայաստանում հանգեցնում են մի ցուցանիշի փոփոխության: Խոսքը Ջինի գործակցի մասին է, որով հաշվարկվում է ամենաաղքատ ու ամենահարուստ խավերի եկամուտների տարբերությունը, այլ կերպ ասած` սոցիալական բեւեռացվածության աստիճանը երկրում:

Աղքատների եւ հարուստների տոկոսային հարաբերակցությունը Հայաստանում արդեն 80/20-ի է հասել, պատասխանելով «Ռադիոլուր»-ին, ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ու բացատրում. «Պարտքով ապրում եւ իր եկամուտներով ու ծախսերով անհավասարակշիռ վիճակում է բնակչության 80 տոկոսը: Մնացած 20 տոկոսի միայն 10 տոկոսն է, որ իր եկամուտներով կարողանում է ծածկել իր ծախսերն ու լավ է ապրում»:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի դիտարկմամբ` մեր երկրում հասարակության 80 տոկոսն իր եկամուտներով չի կարողանում իր համար նորմալ բարեկեցություն ապահովել: Սա հասարակության դեգրադացվածության խնդիրն է մատնացույց անում: Եթե այդ թիվը իջնի գոնե գոնե 60 տոկոսի, եւ լավ ապրող քաղաքացիների թիվը գոնե 40 տոկոսի հասնի, արդեն կարող ենք որոշակի առաջընթացի մասին խոսել:

Իսկ առայժմ մեր երկրում աղքատների թիվը հաշվարկվում է մինչեւ 60 տոկոս, մարդիկ, ովքեր օրական ծախսում են 2 դոլար ընդամենը: Հայաստանը Ֆորբսի ցուցակում ընդգրկված մեծահարուստներ չունի. մեր երկրի մեծահարուստների ունեցվածքը աշխարհի մակարդակով մեծահարուստների ունեցվածքի հետ համեմատելի չէ: Բայց միաժամանակ տնտեսագետները պնդում են` Հայաստանում հարուստ խավի եկամուտների մեծ մասը գտնվում է ստվերում, եւ վիճակագրական ծառայության կողմից չի հաշվառվում։

«Կա Global financial integrity report, որը հրապարակում է «փողերի լվացում, ապօրինի փողերի արտահոսք» ցուցանիշը երկրից: Հայաստանից այս մասով տարեկան միջին ցուցանիշը կազմում է 750 մլն դոլար: Վերջին 2 տարվա ցուցանիշը, իհարկե չկա, բայց 2012-ի տվյալով` 1.2 մլրդ դոլար է կազմել: Այսինքն` 10 տարվա կտրվածքով Հայաստանից արտահոսած փողերը կազմել են 7.5 մլրդ դոլար: Հիմա թե դա մեծահարուստների միջեւ ինչպես է բաշխվել, չգիտեմ»,- շարունակում է Վիլեն Խաչատրյանը։

Վերադառնալով Ջինի գործակցին` նկատենք` Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում 2010թ. այն կազմել է 0,362: 2009թ. Ջինի գործակիցը 0.335 էր: Եթե գործակիցը ձգտում է 0-ի, ապա եկամուտները հավասարաչափ են բաշխվում, իսկ եթե ձգտում է 1-ի՝ ծայրահեղ անհավասար։ Ստացվում է, որ 2009-10 թ.թ. Հայաստանում հարուստ եւ աղքատ խավերի միջեւ բեւեռացումն ավելի է խորացել: Ու այս միտումը շարունակվել է նաեւ հաջորդ տարիներին:

Հայաստանի ամեն քաղաքացու ուսերին այսօր ծանրացած է շուրջ 1700 դոլարի պարտք: Այս թիվը ստացվում է, երբ մեր պետական պարտքը բաժանում ես մեր քաղաքացիների թվին: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը խոսում է նաեւ մեր երկրում սոցիալական բեռի ծանրացումից: Աշխատողների թիվը պակասում է, թոշակառուներինն ու նպաստառուներինը` ավելանում:

Տնտեսական աճն էլ, որը տնտեսապես ակտիվ մարդկանց միջոցով է ստեղծվում, իր հերթին է նվազում: Եկող տարի միայն թոշակների, նպաստների մասով պետական ծախսն ավելանում է 413 մլրդ դրամով, ինչը նոր ծանրություն է բյուջեի վրա: «Արդյունք ստեղծող, տնտեսապես ակտիվ բնակչությունը նվազում է: Մեր աշխատանքային ռեսուրսները 2014-ի համեմատ կրճատվել է 210 հազարով, միայն գյուղատնտեսության ոլորտում` 63 հազարով: Տղամարդկանց թիվը աշխատուժի մեջ 4-5 տարում կրճատվել է 77 հազարով: Սա նշանակում է, որ սոցիալական բեռն ավելանալու է»,- նկատում է տնտեսագետը։

Back to top button