«Հարթակ» փառատոնը փորձի փոխանակման հարթակ


Հոկտեմբերի 16-18-ին Երևանում կանցկացվի «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը, որը գործնական դասընթացների և վարպետության դասերի եռօրյա փառատոն է և անցկացվելու է Երևանի տարբեր անկյուններում:
«Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնի տնօրեն Քրիստինա Հարությունովան, ներկայացնելով դրա առանձնահտկությունները, տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում կանցկացվեն 60-ից ավելի փորձի փոխանակման սեմինարներ, վարպետության դասեր՝ խոհանոց, արվեստ և արհեստ, տեխնոլոգիաներ, առողջ ապրելակերպ թեմաներով:
Այս կերպ, ըստ փառատոնի կազմակերպիչների, փորձ է արվելու ներգրավել զբոսաշրջիկների՝ ներկայացնելով նաև հայկական մշակույթի առանձնահատկությունները:
Փառատոնի կազմակերպիչների հետ համակարծիք է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Ըստ նրա՝ պետական քաղաքականության մի շարք խնդիրների լուծման տեսակետից կարևոր է նման միջոցառումների անցկացումը:
«Փառատոները արդյունավետ ու հզոր գործիք են, որոնք հնարավորություն են տալիս ծրագրերին միս ու արյուն հաղորդել, շրջակա համայնքներին ներկայանալու հնարավորություն են տալիս իրենց ողջ տնտեսական ու զբոսաշրջային ներուժով»,- նկատում է Մեխակ Ապրեսյանը։
Ի դեպ՝ աշխարհում ընթացող քաղաքական զարգացումներն ու անլուծելի հակամարտությունների առկայությունը ստվերել են հայասատանյան տուրիզմը: Ըստ վիճակագրության, որում ներառված չեն դեռևս 2015թ-ի երրորդ եռամսյակի տվյալները, առաջին եռամսյակում նկատվել է զբոսշրջության անկում, երկրորդում՝ մասամբ աճ: Սակայն Մեխակ Ապրեսյանը լավատես է և սպասում է երրորդ եռամսյակի ցուցանիշներին՝ մինչև հոկտեմբերի վերջ:
«Հայաստանը գնալով ավելի ճանաչելի է դառնում համաշխարհային շուկայում։ Մեծանում է հատկապես երիտասարդների հետարքրքությունը մեր երկրի նկատմամբ»,- խոսքը եզրափակում է պաշտոնյան: