Հասարակություն

Կողբի մուտքի հայատառ ցուցանակներն ավերվել են

Երեկ գիշեր անհայտ անձինք ավերել  են Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունները, հայտնում է Աթենքի «Հայաստան» լրատու ցանցը։ Դրա հետ մեկտեղ ձերբակալվել են Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության տեղական ղեկավարները։

Կողբի քաղաքապետարանից հայտնում են, որ ցուցատախտակը վերականգնվելու է։

Քաղաքի մուտքի ցուցանակների տեղադրման ժամանակ Կողբի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը հատուկ անդրադարձել էր ցուցատախտակի վրա տեղ գտած հայերեն գրությանը եւ նշել, որ «Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, … այստեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով»:

Սակայն այս նախաձեռնությունը թշնամաբար են ընդունել թուրքական ազգայնական ուժերը, որոնց միացել են նաեւ ադրբեջանական ուժեր։ Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրության» ու թուրքական «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կազմակերպությունները բողոքի ակցիա էին կազմակերպել ցուցատախտակի մոտ, իսկ ադրբեջանական կազմակերպության նախագահ Աքիֆ Նաղըն նշել էր, որ վիճակն անհանգստացնում է իրենց։

«Մենք միշտ ասում ենք, որ մեկ ազգ, երկու պետություն ենք: Այս շրջանում նույնիսկ մեկ հայ չի ապրում: Ով էլ գա, այն չի կարդալու, սա անտրամաբանական երևույթ է եւ մեր կարծիքով՝ այս գործում հայերի մատը խառն է»,- ասել էր նա՝ սպառնալով տեղի ունեցածն  անհետևանք չպետք է թողնել։

Back to top button