Վերլուծական

Թուրքիայում քաոսը չի հանդարտվի, քանի դեռ չեն հստակեցվել ԱՄՆ հետ հարաբերությունները.թուրքագետ

lenabadeyan
Թուրքիայի պետական օրհներգը սկսվում է «Մի վախեցիր» բառով… Ակնհայտ է, որ վերջին շրջանում այդ կոչը անհրաժեշտ է հարեւան պետության քաղաքացիներին: Ժամանակակից Թուրքիան այսօր ապրում է իր դժվարին տարիները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առկա խնդիրներին այս տարի ավելացան նորերը: Հունիսի 5՝ Դիարբեքիր, հուլիսի 19՝ Սուրուչ, հոկտեմբերի 10՝ Անկարա… Շատերն այս երեք դեպքերը կապում են իրար հետ: Ի դեպ՝ անցած շաբաթ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը համարվում է ամենախոշորը: 90-ից ավելի զոհ եւ 250-ից ավելի վիրավոր: Ինչ էր այս ամենը հետապնբդում եւ ում էր ձեռնտու:

 

Թուրքիայում կատարվող իրադարձությունները ում են ձեռնտու եւ ինչի կարող են հանգեցնել այսօր դեռ որեւէ մեկը հստակ չի կարող ասել: Մեղադրանքների տեղատարափն ուժգնացել է շաբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, եւ թիրախում հայտնվել է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ քրդերը եւ թե՛ «Իսլամական Պետություն» խմբավորումը: Ստեղծված իրավիճակում հարեւան պետության համար իրադարձությունների հանդարտեցում չի կանխատեսում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

«Ներկայումս Թուրքիայում քաոսային մթնոլորտն ուժեղանում է: Դեպքը, կարելի է ասել, բավականաչափ խարխլեց իշխանությունների առանց այդ էլ խարխուլ դիրքերը»:

Ներքաղաքական զարգացումների տեսանկյունից, իրադարձությունները կապում են նոյեմբերի 1-ին Թուրքիայում սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ: Իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, արդեն հայտարարել է, որ քվեարկությունն իրականացվելու է ցանկացած պարագայում: Իրավիճակը հարեւան պետությունում այն աստիճանի անկայուն է, որ որեւէ մեկը չի կարող հստակ պատկերացնել, ենթադրել կամ կանխատեսել, թե ինչ է լինելու այնտեղ նոյեմբերի 1-ից հետո: Բայց այն, որ ներքին քաղաքականությունը մեծապես կախված է արտաքին քաղաքականությունից, դա փաստ է, ասում է Մուշեղ Խուդավերդյանը:

«Ներկայումս կարգավորված չեն Թուրքիայի նախագահի եւ արեւմուտքը ներկայացնող ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Հետեւաբար, անկախ նոյեմբերի 1-ի ընտրություններից կարող ենք փաստել, որ քանի դեռ արեւմուտքն ու թուրքական իշխանությունները չեն լուծել իրենց տարաձայնությունները Թուրքիայում քաոսը միանշանակ չի հանդարտվի եւ ավելին՝ քրդերը կշարունակվեն օգտագործվել որպես գործիք ինչպես արեւմուտք-Թուրքիա, այնպես էլ արեւելք-Թուրքիա հարաբերությունների համատեքստում:

Սա ընդամենը մեկ ուղղությունն է, եւ պետք չէ մոռանալ, որ տարածաշրջանում «խոշոր խաղացողներից» մեկը՝ Ռուսաստանը առայժմ կարողանում է խառնել բոլորի խաղաքարտերը:

«Ռուսների Սիրիա մուտք գործելով տարածաշրջանում, ինչպես նաեւ ռուս-թուրքական հարաբերություններում տեղի է ունենում նոր իրավիճակ, որը հարաբերությունները փոխում է հօգուտ ռուսական կողմի»:

Բնականաբար, սա էլ վերջնական եւ միակ ճշմարտությունը չէ, քանի որ հասկանալի է՝ տարածաշրջանը հենց այնպես չի «հանձնվի» Ռուսաստանին: Հատկանշական է, որ ահաբեկչություններից հետո Էրդողանը եւ Դավութօղլուն միասնության կոչ էին արել՝ թույլ չտալու, որ հետագա դեպքերը երկրի մասնատման հիմք դառնան: Այս դեպքում ոչ բոլոր քաղաքական ուժերն են ականջալուր եղել երկրի իշխանության կոչին:

Back to top button