ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Ֆրանկոֆոն երկրները պարտավորվում են միջոցներ ձեռնարկել ցեղասպանության կանխարգելման մեխանիզմները ամրապնդելու նպատակով

Հոկտեմբերի 10-11-ին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվեցին հինգ բանաձևեր, որոնց թվում էր Հայաստանի նախաձեռնած «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձևը: Դրանում հղում է կատարվում ապրիլի 24-ին Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հայտարարությանը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որտեղ հարգանքի տուրք էր մատուցվում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին և զորակցություն հայտնվում հայ ժողովրդին։

Բանաձևում մասնավորապես նշվում է, որ Կազմակերպությունը խստորեն դատապարտում է մարդկությանը հսկայական կորուստներ պատճառած բոլոր ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործությունները, և հարգանքի տուրք մատուցելով այդ հանցագործությունների զոհերի հիշատակին՝ պարտավորվում է միջոցներ ձեռնարկել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմները ամրապնդելու նպատակով:

Համաձայն ընդունված բանաձևի՝ կազմակերպությունը պարտավորվում է նաև ամրապնդել պետությունների և կառավարությունների միջև համագործակցությունը այդ հանցագործությունների պատասխանատուների անպատժելիությանը վերջ դնելու համար:

Նախարարական համաժողովը ընդունել է նաև հետևյալ բանաձևերը՝ Ֆրանկոֆոնիան որպես խաղաղության, հանդուրժողականության, բազմազանության, երկխոսության և փոխըմբռնման տարածքի մասին բանաձեւ, Կլիմայական փոփոխության մասին Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի անդամ պետությունների 21-րդ համաժողովի մարտահրավերների մասին բանաձև, Փախստականների և միգրանտների մասին բանաձև, Ֆրանկոֆոնիայի կառույցներին երիտասարդության մասնակցության մասին բանաձև:

Վերոհիշյալ փաստաթղթերից ևս երկուսը՝ «Ֆրանկոֆոնիան որպես խաղաղության, հանդուրժողականության, բազմազանության, երկխոսության և փոխըմբռնման տարածք» ու «Կլիմայական փոփոխության մասին Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի անդամ պետությունների 21-րդ համաժողովի մարտահրավերների մասին» բանաձևերն ընդունվել են Հայաաստանի նախաձեռնությամբ։

Back to top button