Քաղաքական

Իդեալական կառավարման համակարգ գոյություն չունի. դեսպան

lenabadeyan
Սահմանադրական բարեփոխումների անհրաժետության մասին խոսելիս թերեւս ամենակնառու մոլորությունը պնդումն է, թե կառավարման համակարգի փոփոխությունը լավ պետություն կերտելու եւ լավ ապրելու գրավականն է: Եվրոպական կառույցները կամ զարգացած երկրները պատրաստի բաղադրատոմս իրականում չունեն ժողովրդավարական երկիր կառուցելու համար: Նույնիսկ ԵՄ-ում պետությունները գնացել են իրենց ուրույն ճանապարհով: Արդյունքում՝ խորհրդարանական կառավարման համակարգով պետությունները չեն տարբերվում նախագահական կամ կիսանախագահական կառավարմամբ երկրներից:

 

Եվրամիության հենասյունքը համարվող Գերմանիան խորհրդարանական կառավարմամբ երկրի օրինակ է, բայց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը դժվարանում է հստակ ասել, թե Հայաստանին որ կառավարման մոդելն է ավելի մոտ: «Ժողովրդի եւ պետության մենաշնորհն է, որոշելու, թե ինչպիսի կառավարման համակարգ է ուզում ունենալ»,- դիվանագիտորեն ասում է Քիսլերը: Լավ ապրելու համար պատրադիր չէ կառչել կառավարման համակարգից կամ դրա փոփոխությունից եւ դա ապացուցում են հենց Եվրամիության երկրները, որոնք ընտրել են տարբեր կառավարում: Օրինակը ներկայացնում է հենց Գերմանիայի դեսպանը:

«Նույնիսկ ԵՄ ներսում տարբեր պետություններ ունեն տարբեր կառավարման համակարգ: Ֆրանսիացիները որոշել են, որ պետք է ունենան նախագահական կառավարման համակարգ եւ գոհ են այդ համակարգից: Գերմանիան որդեգրել է ուժեղ խորհրդարանական կառավարման համակարգ՝ հաշվի առնելով նաեւ իր պատմական փորձառությունը: Ուստի իդեալական կառավարման համակարգ գոյություն չունի»:

Այլ բան է, թե ինչի է ձգտում Հայաստանը: Փաստ է, որ փոփոխություններից անմիջապես հետո կյանքի որակը Հայաստանում միանգամից չի փոխվի եւ չի բարելավվի, բայց Մաթիաս Քիսլերը սահմանադրական փոփոխությունների նախագծում, ըստ իրեն՝ տեսել է կարեւորագույն փոփոխություն:

«Հնարավոր չէ ասել, թե ինչ կլինի հետո, բայց կարեւորը ժողովրդի միասնական համաձայնությունն է այդ համակարգին, որը նա ցանկանում է որդեգրել: Բարդփոխումների հանձնաժողովի նախագահը մշտապես վստահեցրել է, որ նրանք գնում են ճիշտ ճանապարհով եւ նոր Սահմանադրության նախագիծը, օրինակ՝ ընդդիմությանը տալիս է բավականին լայն հնարավորություններ: Մի քիչ մոռացված է նաեւ այն փաստը, որ սա մի նախագիծ է, որի մեջ շատ լայն կերպով ընդգրկված են հիմնարար բոլոր իրավունքները»:

Դեսպանի ասածին ուղիղ հակառակը պնդում են սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողները: Մասնավորապես Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մի շարք դատապարտող հայտարարություններից վկայակոչում է կառույցների անունից արած ասածներն ու հայտարարությունները:

«Մի նոր փաստարկ հնչեցրել է Հելսինկյան Ասամբլեան, որ իրականում Հանրաքվեի այս սահմանադրական փոփոխությունները դնելը հակասում է «Հանրաքվեի մասին» օրենքին, որտեղ հստակ գրված է, որ Հանրաքվեի չեն կարող դրվել այնպիսի դրույթներ, որոնք սահմանափակում են մարդու իրավունքների պաշտպանությունը համեմատությամբ գործող նորմերի հետ: Այս ձայնին միացել են նաեւ Հայաստանի էկոլոգները, ովքեր վրդովված են այն փաստով, որ գործող Սահմանադրության տեքստում առկա էկոլոգիական իրավունքներին վերաբերող դրույթը չկա այս նոր տեքստում, որը դրվելու է դեկտեմբերի 6-ին Հանրաքվեի:

Պատգամավորը նաեւ պնդում է՝ Վենետիկի Հանձնաժողովի ասածները միշտ աղավաղվում են: Ասում է, որ կառույցը իր գնահատականներում երբեք չի ուղղորդել եւ երբեք չի պնդել կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն:

«Իրականում Վենետիկի Հանձնաժողովը շատ հստակ ասում է, որ ինքը գնահատական է տվել միայն տեքստին, բայց ինքը շատ հստակ ասում է, որ եւ նախագահական, եւ կիսանախագահական, եւ խորհրդարանական համակարգերում հնարավոր է ստեղծել կատարյալ ժողովրդավարական համակարգ: Այսինքն՝ ինքը չունի որեւէ նախապատվություն, թե ինչպիսին պետք է լինի Հանրապետության կառավարման մոդելը»:

Back to top button