Էլ. էներգիան այսօրվանից թանկացավ նաեւ Արցախում, կառավարությունը կփոխհատուցի բնակչությանը


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Այսօր Լեռնային Ղարաբաղում ուժի մեջ է մտել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի որոշումը էլեկտրականէներգիայի սակագները բարձրացնելու մասին: Հանձնաժողովը մոտ մեկ ամիս առաջ բավարարել էր ԼՂՀ էլեկտրական բաշխիչ ցանցերը տնօրինող ընկերության՝ <<Արցախէներգոյի>> համապատասխան հայտը: Դրա համաձայն՝ 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողները հոկտեմբերի 12-ից 1 կՎտժ` էլետրականության դիմաց վճարելու են 40 դրամ, գործող 32.85 դրամի փոխարեն,մոտ 13 դրամով ավելի են վճարելու 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողները:
Այսօրվանից մոտ 8 դրամով ավելի պիտի վճարեին նաև բնակիչները, սակայն կառավարությունը երկարաձգեց արդեն երրորդ տարին գործող էլեկտրականության սակագնի սուբսիդավորման որոշման գործողության ժամկետը: Դրա համաձայն՝ պետական բյուջեից ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ գումարներ են հատկացվելու, որպեսզի բնակիչը շարունակի վճարել 25 դրամ:
Եթե առայսօր պետական բյուջեից էներգամատակարար ընկերությանը բնակչի սպառած յուրաքանչյուր կիլովատ ժամ էլեկտրականության դիմաց տրամադրվում էր մոտ 17դրամ, ապա հիմա փոխանցվելու է մոտ 25 դրամ:
Կառավարությայն նիստում, երբ քննարկվում էր որոշման նախագիծը, Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն առաջարկեց քննարկել սուբսիդավորման հասցեականության հարցը, որպեսզի աջակցությունից չօգտվեն նաև մեծահարուստները:
Բնակչության սպառած էլեկտրաէներգիայի դիմաց սուբսիդավորումը, սակայն, էլեկտրականության սակագնի բարձրացման հետևանքով այլ ապրանքների մասով գնաճը չի բացառում: Մարդկանց մոտ մտահոգություն կա:
Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովում այդ մտահոգությունը չեն կիսում, իրավիճակը վերահսկելու հարցում ակնկալում են սպառողների աջակցությունը:
Հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանի խոսքով՝ Արցախում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կապված է 2014 թվականի վերջին ծագած տնտեսական իրավիճակի հետ, երբ հայկական դրամն արժեզրկվեց:
Միևնույն ժամանակ՝ << Արցախէներգոյի>> տնօրեն Տիգրան Ծատրյանը հաստում է, որ <<Արցախէներգոն>> պարտք է ՀԷՑ-ին: Կա ժամանակացույց, որի համաձայն պարտքը մարվում է, բայց ՀէՑ-ին ունեցած պարտքը, ըստ Արցախէներգոյի տնօրենի, Արցախում սակագին փոխելու պատճառներից չէ: