Արամ Ա կաթողիկոսը պաշտոնապես կատարել է Հայ գրքի 36-րդ ցուցահանդեսի բացման արարողությունը


Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հոկտեմբերի 11-ին կաթողիկոսարանի հատուկ տաղավարում կատարել է Հայ գրքի 36-րդ ցուցահանդեսի բացումը:
Այս մասին տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը: Ավանդույթի համաձայն` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմակերպությամբ Հայ գրքի ցուցահանդեսն ի մի է բերում Լիբանանի զանազան հայկական հրատարակչությունները, անհատ հեղինակներին, մտավորականներին և դպրոցականներին` միշտ նպատակ ունենալով կենդանի ու գործուն պահել հայ գիրն ու գրականությունը:
Վեհափառ Հայրապետն իր խոսքում հիշել է 1915թ. ապրիլի 24-ի գիշերը, երբ ցեղասպան թուրքը ձերբակալել է Պոլսի և գավառների մեր մտավորականներին ու ժողովրդի ղեկավարներին, որոնք բանտարկվել են, ապա սպանվել` հայ ժողովրդին թողնելով առանց առաջնորդի:
Նորին Սրբությունը, շարունակելով իր մարգարեաշունչ խոսքը, մի քանի կարևոր կետեր է առանձնացրել. ավելի ծաղկեցնել հայ մշակույթի անդաստանը, կենդանի ու անաղարտ պահել հայ լեզուն, գնահատել ու պաշտպանել մտավորականին, գրողին ու ուսուցչին: