Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունե լ է Լիբանանի Հանրապետության մշակույթի նախարարին

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանի Հանրապետության մշակույթի նախարար Ռոնի Արայջիին` ուղեկցությամբ ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց նախարարին` գոհունակությամբ ընդգծելով այն սերտ համագործակցությունը, որ մշտապես առկա է Լիբանանի և Հայաստանի միջև: Նորին Սրբությունը կարևոր նկատեց նաև Լիբանանի իշխանությունների և ժողովրդի կողմից հայկական համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգածու վերաբերմունքը, որով ևս մեկ անգամ հատկանշվում է երկու բարեկամ ժողովուրդների դարավոր եղբայրական ոգին:

Իր հերթին մշակույթի նախարարն ընդգծեց, որ մեծ պատրաստակամությամբ և սիրով է համագործակցում հայ համայնքի հետ: Պրն. Արայջին անդրադարձավ նաև Լիբանանի մշակութային կյանքում հայկական համայնքի բերած կարևոր ներդրմանը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Լիբանանի մշակույթի նախարարը մտահոգությամբ անդրադարձան Մերձավոր Արևելքում տիրող ծանր կացությանը: Այս առիթով Նորին Սրբությունը մաղթեց, որ Ամենակալ Աստծու ողորմությամբ խաղաղությունը վերահաստատվի տարածաշրջանում և մարդիկ շարունակեն ապրել իրենց խաղաղ ու անվրդով կյանքով:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Back to top button