Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ՖՄԿ պատվիրակության այցը Սուրբ Էջմիածին, իր գնահատանքը փոխանցեց ՖՄԿ գլխավոր քարտուղարին` Ֆրանկոֆոնիայի կազմակերպության և Հայաստանի միջև իրականացվող համագործակցային ծրագրերի համար:

Նորին Սրբությունը խորհրդանշական նկատեց, որ հայ ժողովրդի համար նվիրական` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում, ՖՄԿ-ն իր համաժողովը կազմակերպում է Հայաստանում` այդպիսով յուրօրինակ պատգամ հղելով մարդկությանը` Հայոց Ցեղասպանության ճանաչման և նմանօրինակ ոճրագործությունների կանխարգելման համար:

Հանդիպման ընթացքում Վեհափառն անդրադարձավ Հայ Եկեղեցու ունեցած կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև այսօրվա Ֆրանկոֆոնիայի մի շարք երկրների հետ միջնադարում հայության ունեցած սերտ աղերսներին: Այս առումով Նորին Սրբությունը ողջունեց արդի փոխգործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն երկուստեք կհարստացնի ՖՄԿ անդամակցող երկրներին:

Իր հերթին տիկին Մ. Ժանը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց Հայաստանում գումարված Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի արձանագրած արդյունքները, ՖՄԿ առաջիկա անելիքները և հրամայականները: ՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորեց համընդհանուր ջանքերի միավորումը` հանուն մարդկային կյանքում առկա խնդիրների կարգավորման և մարտահրավերների հաղթահարման` դրանում էական նկատելով նաև մշակույթների և կրոնների երկխոսությունը:

Զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Մերձավոր Արևելքում տեղ գտնող ողբերգական զարգացումներին, մասնավորապես քրիստոնյաների ծանր վիճակին, խոսվեց նաև հոգևոր առաջնորդների կողմից գործադրվող խաղաղասիրական ջանքերի մասին: «Մենք դատապարտում ենք կրոնի շահարկումը քաղաքական նպատակներով: Պատերազմ, ատելություն և անհանդուրժողականություն քարոզող կրոն գոյություն չունի: Բոլոր կրոնները քարոզում են սեր և խաղաղություն: Այդուհանդերձ, այսօր տեսնում ենք, որ կրոնական ծայրահեղական շարժումների պատճառով մարդկային կյանքում աղետներ են տեղի ունենում», — նշեց Գարեգին Բ Կաթողիկոսը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Back to top button