Պաշտոնական

Նախագահն ընդունել է Ֆրանիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին:

Նախագահը ողջունել է հյուրին և նրան ուղեկցող պատվիրակությանը Հայաստանում՝ բարձր գնահատելով Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովին պարոն Դեզիրի մասնակցությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, թե ուրախ է պատվիրակության կազմում տեսնելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին, ում բազմիցս հանդիպել է ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում:

Ընդգծելով, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերություններն ակնհայտ իրողություն են ոչ միայն երկու երկրների հասարակությունների, այլև ողջ միջազգային հանրության համար:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համեմատաբար երիտասարդ անդամ պետություն, կարողացել է իր արժանի տեղը գտնել ֆրանկոֆոն երկրների շարքում և այսօր ընկալվում է իբրև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ երկրներից։

Նախագահի համոզմամբ, Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար ոչ միայն այդ ձևաչափով բազմակողմ համագործակցության հիանալի հնարավորություն է ընձեռում, այլ նաև արդյունավետ հարթակ է գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու համար: Ըստ Նախագահի, այդ առումով արդեն իսկ կան հայ-ֆրանսիական փոխգործակցության բազմաթիվ խրախուսելի օրինակներ. ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության շնորհիվ է նաև, որ այսօր Հայաստանում առկա է ֆրանսերենով ողջ կրթական ցիկլը՝ նախակրթարանից մինչև համալսարան:

Արլեմ Դեզիրը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին իր գլխավորած պատվիրակությանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար: Հանդիպման սկզբում նա Սերժ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները և ընդգծել, որ Ֆրանսիան շահագրգռված է Հայաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններին համահունչ զարգացնել նաև երկկողմ տնտեսական հարաբերությունները:

Տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից Արլեմ Դեզիրը կարևորել է 2014թ. մայիսին Ֆրանսիայի Նախագահի` Հայաստան կատարած այցի շրջանակներում համագործակցության մի շարք նոր փաստաթղթերի ստորագրումն ու հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը՝ տեղեկացնելով, որ այժմ աշխատանքներ են տարվում տնտեսական երկրորդ համաժողովը Փարիզում անցկացնելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Արլեմ Դեզիրն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է հնարավորինս սատարել Հայաստանի և Եվրամիության միջև իրավական նոր փաստաթղթի մշակման գործընթացին՝ ջանքեր ներդնելով այդ գործընթացը լավագույն և հաջող արդյունքներով ավարտին հասցնելու ուղղությամբ:

Սերժ Սարգսյանը և Արլեմ Դեզիրը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ: Արլեմ Դեզիրը վստահեցրել է , որ Ֆրանսիան, որպես համանախագահ երկիր, առավել քան երբևէ համոզված է, որ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի, և ստանձնած հանձնառությունների շրջանակում Ֆրանսիան անելու է ամեն հնարավորը բանակցային գործընթացի միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Back to top button