Մեկնարկել են «Էրեբունի- Երեւան» տոնակատարությունները


Այսօր Երևանը տոնում է իր ծննդյան 2797-ամյակը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս քաղաքային իշխանությունն այն տոնում է մեծ շուքով «Իմ ջերմ ու բարի քաղաք » խորագրի ներքո: Այսօր մեկնարկած տոնական միջոցառումները կշարունակվեն նաեւ վաղը, կանցկացվեն մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Տոնի կազմակերպման համար այս տարի քաղաքային բյուջեից ծախսվել է 130 միլիոն դրամ:
«Էրեբունի- Երևան» տոնը կոչվում է նաև «Երևանի տոն», «Երևանի օր»: Այն նշվում է 1983 թվականից և արդեն կրում է ավանդական բնույթ: Տոնի շրջանակներում կազմակերպվում են Երևանին նվիրված բազում միջոցառումներ:
Երեւանի 2750- ամյակի առթիվ 1968 թվականին Պարույր Սևակի խոսքերով Էդգար Հովհաննիսյանը գրեց «Էրեբունի- Երևան» երգը, որն էլ հետագայում դարձավ քաղաքի օրհներգը: Երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով՝ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ:
Տոնակատարությանը մասնակցում են ինչպես մեր հայրենակիցները, այնպես էլ արտերկրից և Երևանի քույր-քաղաքներից հրավիրված պատվիրակություններ:
Քաղաքամայր Երևանի ծննդյան հերթական տարեդարձին քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մերձակայքում ազգային այլևայլ ցուցանմուշների ցուցավաճառք էր այսօր կազմակերպվել: Խեցեգործություն և մանրաքանդակ, ուլունքաշարություն և կարպետանմուշներ ու բազմատեսակ հուշանվերներ:
Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնն իր յուրատեսակ ձեռարվեստով էր այսօր ներկայանում երևանցիներին: Նախկինում օդաչու, այսօր արդեն արվեստագետ Լադուշ Մաճկալյանի խխունջներից պատրաստված հուշանվերներն ամբողջ ցուցավաճառքում միակն էին ու չէին վրիպում անցորդների աչքից: Խունջագործությամբ զբաղվելու գաղափարը օդաչուի մոտ ծագել է Արաբական Միացյալ Էմիրություններում, երբ աշխատանքից ազատ ժամերին ծովի ափին հավաքել է խխունջներ; Այսօր էլ ծովի բարքիներից կերտել է հայ մեծերին ու ներկայացել իր ցուցանմուշներով:
Նմանօրինակ խորհրդով ցուցադրությունները հիմնականում մեր նախնիներից ժառանգած արվեստի գործեր են, որոնց հեղինակները եկամտից զատ նպատակ էին հետապնդում սերունդներին փոխանցել ազգայինն ու ավանդականը: Քանի որ այս տարի լրացավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այդ թեմայով ձեռագործ աշխատանքներ նույնպես ցուցադրված էին: Կենտրոնի սան Հասմիկ Ենգիբարյանի թղթից պատրաստված Ծիծեռնակաբերդի հուշահամլիրն ու այս տարվա խորհրդանիշ անմոռուկը վառ օրինակներն էին:
2797-ամյա մայրաքաղաքը որքան էլ ծերունազարդ է, այնքան էլ երիտասարդ ու առաջիկա անելիքներով առլեցուն: