Վաղվանից անձրեւները կդադարեն


Այս տարվա հոկտեմբերն աչքի է ընկել ամպրոպային ակտիվ գործունեությամբ: Ամսի մեկից մինչ օրս հանրապետության տարածքը գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում և այս 9 օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում դիտվել են ամպրոպներով ուղեկցված անձրևներ: Տեղումները կշարունակվեն մինչև առաջիկա գիշեր: Վաղվանից ցիկլոնը, ըստ ՀՀ ՏԿ և ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի, կտեղափոխվի դեպի արևելք և կեսօրից հետո հանրապետությունում կդիտվի տեղումների դադար և եղանակի պարզեցում: Սակայն հանրապետության որոշ հատվածներում կդիտվի նաև ցրտահարություն:
Արտառոց օդերևութաբանական երևույթները ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում գնալով ավելանում են: Այս տարվա հոկտեմբերը օդերևութաբանները նույնպես համարում են արտառոց օդերևութաբանական երևույթներով ուղեկցվող ամիս: Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ողջ տարածքում նկատվում են անձրևի տեսքով տեղումներ, ինչն էլ մեր գյուղատնտեսության համար արդյունավետ էր, նշում է ՀՀ ՏԿ և ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը և ավելացնում, որ աշնանացանի բերքատվությունը կապված է հոկտեմբերի տեղումների քանակից: Վաղվանից հանրապետության տարածքում տեղումները կդադարեն, սակայն որոշ հատվածներում կնկատվի ցրտահարություն:
«Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը՝ պայմանավորված եղանակի պարզեցմամբ և լրացուցիչ հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ՝ գիշերային ժամերին սպասում ենք ջերմաստիճանի անկում մոտ 4-ից 5 աստիճանով: Եվ լեռնային մի շարք շրջաններում կա ցրատահարության վտանգ»:
ՀՀ Գյուղատնտսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ տարվա այս եղանակին հանրապետության բարձրադիր գոտիներում նման ջերմաստիճանների գրանցումը օրինաչափ երևույթ է: Այս ժամանակահատվածում գյուղատնտեսներին մնում է արագ կազմակերպել բերքահավաքը:
«Այս պարագայում մենք խորհուրդ ենք տալիս գյուղացիական տնտեսություններին արագ հավաքել այն բանջարեղենները, պտուղները, որոնք հնարավոր են վբնասվել: Այս տարածաշրջաններում կարելի է համարել, որ առանձնապես վտանգի ենթական բանջարեղեններ ու պտուղներ չկան»:
Հոկտեմբերի 11-12-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, հանրապետության տարածք կներթափանցեն տաք օդային հոսանքներ և հոկտեմբերի 12-ին Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4 աստիճանով՝ հասնելով մինչև 23-ից 24 աստիճան տաքության: Սակայն դրանից հետո հանրապետության տարածքին կմոտենա տեղումնաբեր ցիկլոն, և հոկտեմբերի 13-ից 15-ը սպսավում են տեղումներ, սակայն օդի ջերմային ֆոնում էական փոփոխություններ չեն կանխատեսվում:
Նշենք, որ առաջիկա 10 օրերին Արարատյան դաշտում ցրտահարության վտանգ չի նկատվում, քանի որ ցուրտ օդային հոսանքների ներթափանցում այդ տարածքում չի կանխատեսվում: Սակայն հանրապետության մի շարք լեռնային գոտիներում, ըստ օդերևութաբանի, արդեն ձնածածկույթ է նկատվում: