Սահմանադրական փոփոխությունների նախագիծը մեկ քայլ առաջ է. Ջիանի Բուքիքիո


Ամեն ինչ անիմաստ ու ավելորդ կդառնա, եթե սահամանդրական հանրաքվեն չանցնի օրենքի տառին ու բովանդակությանը համապատասխան՝ այսօր ասել է ՍԴ նախագահ, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա բովանդակային հարցերին այսօր չի պատասխանել, հիշեցնելով, որ հանրաքվե նշանակելու մասին հանրապետության նախագահի հրամանագրից հետո մասնագիտական հանձնաժողովն իրավաբանորեն դադարել է գործել:
Գագիկ Հարությունյանը սակայն անդրադարձել է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի այն մտահոգությանը, թե հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու դեպքում շահերի բախում կառաջանա, քանի որ դատարանի նախագահը նաև փաստաթուղթը մշակած մասնագիտական հանձնաժողովի նախագահն է:
«Մտահոգություն չի կարող լինել, քանի որ հանձնաժողովն իր աշխատանքն արել վերջացրել է, և իրավաբանորեն այլևս չի գործում: Սա իմ հեղինակած փաստաթուղթը չէ, սա հանձնաժողովի երկար ու տևական աշխատանքի արդյունքն է»:
Իսկ ահա Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի կարծիքով ՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մեկ քայլ առաջ է ժողովրդավարության հետագա զարգացման ուղղությամբ:
Բուքիքիոն նշել է, որ փաստաթուղթն ընդհանուր առմամբ արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականներին, իսկ կարևորն այս փուլում այն է, որ հանրաքվեի անցկացման գործընթացը լինի ազատ, արդար ու թափանցիկ:
Վենետիկի հանձնաժողովի ղեկավարը Հայաստան է ժամանել Սահմանադրական դատարանի կազմակերպած միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար. այն մենկնարկել է այսօր Երևանում: