Հասարակություն

Մայրության նպաստ կստանան նաեւ չաշխատող մայրերը

lianaeghiazaryan

2016 թվականի պետական բյուջեով հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, թոշակների բարձրացում չի սպասվում, բյուջետային միջոցները թույլ չեն տալիս: Սակայն կա մի փոփոխություն, որը սպասված էր ու մշտական քննադատությունների թիրախում էր: Խոսքը չաշխատող մայրերին պետության օժանդակության մասին է: Եկող տարվանից մայրության նպաստ կստանան նաեւ չաշխատող մայրերը, սա օրենքի վերանայված տարբերակի պահանջն է:

 

Եկող տարվա հունվարի 1- ից մայրության նպաստ կստանան նաեւ չաշխատող մայրերը: Կառավարության վերջին որոշումը վերջ դրեց մշտապես բարձրացվող այն հարցին, թե ինչու պետությունը հոգ չի տանում չաշխատող մայրերի համար, եթե նրանք աշխատանք չունենալու պատճառով ֆինանսապես ավելի խոցելի են:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության  կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանն այսօր մանրամասնեց` եկող տարվա կանխատեսումներով շուրջ 30 հազար չաշխատող մայր մայրության նպաստ կստանա:

Նպաստի չափը կկազմի մոտ126 հազար դրամ: Այս գումարը հաջորդ տարիներին ենթակա է փոփոխության, եթե հանրապետությունում ավելանա նվազագույն աշխատավարձը:

Չաշխատող կանանց մայրության նպաստի վճարումը կարգավորվում է նույն ընթացակարգերով, ինչպես եւ աշխատող մայրերինը, հաշվարկվում է 140 օրվա արձակուրդի չափով: Նրանք եւս աշխատող մայրերի նման իրենց հղիության հաշվառման պոլիկլինիկայից կստանան ժամանակավոր անաշխատունակության թերթիկ: Այս թերթիկը անձնագրի, հղիության պետական հավաստագրի կամ հավաստագրի պատճենի, սոցիալական քարտի հետ չաշխատող մայրը կամ նրա ընտանիքի անդամը պետք է ներկայացնեն իրենց բնակության վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին ու այնտեղ լրացնեն դիմումի սահմանված ձեւը:

Բայց սա պարտադիր պետք է արվի սահմանված ժամկետում: Իսկ գումարը կվճարվի մեկ ամսվա ընթացքում գործն ուսումնասիրելուց հետո` միանվագ: Բայց կան «բայց»- եր: Ինչպե՞ս է որոշվելու այս գումարի տրամադրել-չտրամադրելը հղիության ընդհատման կամ երեխայի մահվան դեպքում:

«Եթե ընդհատվում է մինչեւ 22 շաբաթականը, դա ծնունդ չէ, այդ դեպքում հիվանդության թերթիկ է տրվում: 22 շաբաթականից հետո պտղի ցանկացած ձեւով անջատումը մարմնից համարվում է ծնունդ: Այս դեպքում տրվում է եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, եւ մայրության նպաստը»,- ասում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության  կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը։

Չաշխատող մայրերին տրամադրվելիք մայրության նպաստը պետք չէ շփոթել երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ: Վերջինիս գումարի չափը մնում է անփոփոխ` 50 հազար դրամ առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում, 1 մլն դրամ՝ երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում, 1.5 մլն` 5 եւ ամեն հաջորդ երեխայի դեպքում, գործում է նաեւ ընտանեկան դրամագլխի համակարգը:

Անփոփոխ է մնում նաեւ երեխայի խնամքի համար տրամադրվող նպաստի չափը` 18 հազար դրամ: Այս 18 հազարները, սակայն, կշարունակեն ստանալ միայն աշխատող մայրերը մինչեւ երեխայի 2 տարեկան դառնալը, սա արդեն չաշխատողների վրա չի տարածվում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության  կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը խոստանում է, որ առաջիկայում այս համակարգն էլ փոփոխությունների կենթարկվի, առայժմ դեռ քննարկվում է նախագիծը:

Back to top button