ԿարևորՀասարակություն

ԿԳ նախարար. Ունենք դասագրքրեր,որոնք հակակրանք են առաջացնում անգամ ամենահամակրելի առարկաների նկատմամբ

sonahakobyan

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հյուրընկալվել էր Հանրային խորհուրդ: Հանրային խորհուրդն անձամբ նախարարի հետ էր ուզում քննարկել ոլորտում առկա խնդիրներն ու բացերը: Արմեն Աշոտյանը քննարկման ընթացքում նշել է, որ կրթությունը պետք է լինի որակյալ, մատչելի և արդյունավետ: Համաձայնելով, որ օրինակ դասագրքերի խնդիր ունենք, նախարարը նշել է՝ մեր դասագրքերը կազմողները գրում են իրենց հնարավորությունների չափով: Ինչ վերաբերում է 12-ամյա կրթությանը, նա նշել է, որ համակարգից դժգոհելուց առաջ պետք է գոնե տեսնել 12-ամյա կրթության պրոդուկտը, հետո նոր գնահատականներ տալ:

 

Անկախությունից հետո ամենամեծ փոփոխությունները կրթության ոլորտը կրեց և մինչ օրս էլ բարեփոխումների առումով ամենաակտիվ իրադարձություններն այս բնագավառում են տեղի ունենում: Բայց արդյո՞ք հասարակությունը գոհ է այդ բարեփոխումներից, արդյո՞ք մենք այսօր ունենք որակյալ կրթություն:

Հանրային խորհրդի այսօրվա քննարկումները վերաբերում էին հանրակրթությանն ու կրթական այլ հարցերին: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին, դրանցից մասնավորապես առանձնացրեց  դասագրքերի բովանդակությունն ու կադրային քաղաքականությունը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը համաձայն է, որ ՀՀ կրթական համակարգն ամենափոփոխվողն է: Միևնույն ժամանակ նախարարը հայկական հեծանիվ հորինելու նպատակ չհետապնդելով, նկատեց, որ կրթության առաքելությունները 3-ն են՝ անձի, հասարակության և տնտեսության զարգացումը:

Ի՞նչ ունենք մենք այսօր: Միջազգային չափանիշերին համապատասխան ազգային կրթություն, բանաձևելով այսօրվա կրթական համակարգը, նշեց Արմեն Աշոտյանը: «Մյուս բեռը, որ իր վրա է վերցնում կրթական համակարգը, սոցիալական բեռն է: Կրթական համակարգը ամենախոշոր գործատուներից մեկն է: Հասարակությունը մեզանից ակնկալում է մանկավարժների բարձր աշխատավարձ, բայց մենք այսօր ունենք 13 հազարից ավել ուսուցիչ: Ի՞նչ անել այս պարագայում: Կրճատել, նշանակում է ավելացնել հասարակության սոցիալական խնդիրները: Չկրճատել, նշանակում է կրթական համակարգը  դատապարտել լճացման»։

Հիշեցնելով, որ 12-ամյա կրթական համակարգը Հայաստանում ներմուծվեց 2006 թվականից, ըստ այդմ՝ մենք դեռևս չունենք լիարժեք 12-ամյա կրթություն ստացած շրջանավարտ, հետևաբար՝ համակարգից դժգոհելուց առաջ պետք է գոնե տեսնել 12-ամյա կրթության պրոդուկտը, հետո նոր գնահատականներ հնչեցնել, նկատեց նախարարը:

Կրթության և գիտության նախարարը համաձայն է, որ մենք այսօր դասագրքերի լուրջ խնդիր ունենք: Մեր դասագրքերը կազմողները գրում են իրենց հնարավորությունների չափով: Իսկ մենք ընտրությունը կատարում ենք եղածի մեջ: Մեր հնարավորություններն այդքանն են, խոստովանեց նախարարը:

«Ես կատարեցի մի փորձ, երբ հաղթող ճանաչեցինք մի շարք  ոչ հայաստանաստեղծ գրքեր: Ինձ մեղադրեցին անգամ ազգային մանկավարժական դպրոցի քայքայման մեջ: Խոստովանենք, որ եթե չենք կարողանում ճիշտ մաթեմատիկայի գիրք գրել, ընտրենք դրսից: Եթե ոչ, սիրելի գիտնականներ, գրեք ավելի լավ գրքեր»:

Նախարարը խոստովանեց, որ այսօրվա որոշ դասագրքեր այնպես են շարադրված, որ հակակրանք են առաջացնում անգամ ամենահամակրելի առարկաների նկատմամբ: Դրանցից են օրինակ պատմությունը, գրականությունը:

Ի վերջո՝ չմոռանանք նաև մեր ազգային ամբիցիաների մասին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երբ մենք հաջողություններ ենք գրանցում, օրինակ՝ օլիմպիադաներում, ասում ենք մեր ազգն է, ընդունակ է, ազգն է լավը: Իսկ երբ անհաջողություններ ենք ունենում, համակարգն է վատը, եզրափակեց ԿԳ նախարարը:

Back to top button