Միջազգային

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է «հասմիկների հեղափոխության իրականացման» համար

marlenahovsepyan
Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Թունիսում «հասմիկների հեղափոխության իրականացման» համար: Նոբելյան կոմիտեն հեղինակավոր մրցանակը շնորհել է Թունիսի ազգային երկխոսության քառյակին, որը միավորում է չորս քաղաքական կազմակերպություն՝ Աշխատանքի համընդհանուր միությունը, արդյունաբերության, առևտրի և արհեստների համադաշնությունը, Մարդու իրավունքների պաշտպանության լիգան և Իրավաբանների օրդենը:

Ինչպես նշված է նոբելյան կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, Թունիսի ազգային երկխոսության քառյակը մեծ ավանդ է ունեցել 2011 թվականի հեղափոխության արդյունքում Թունիսում բազմակարծիք ժողովրդավարություն ստեղծելու գործում: 2013-ին ձևավորված քառյակի գործունեությունը հնարավորություն է ընձեռել կարգավորել խաղաղ գործընթացը այն պահին, երբ Թունիսը քաղաքացիական պատերազմի շեմին էր, ինչպես նաև ամրապնդել օրինական իշխանությունը՝ երաշխավորելով երկրի բնակչության հիմնական իրավունքների պաշտպանությունը՝ անկախ սեռից, քաղաքական եւ կրոնական հայացքներից:

«Քառյակի մաս կազմող կազմակերպությունները ներկայացնում են հասարակության տարբեր շերտեր և արժեքներ: Վայելելով մեծ հեղինակություն՝ քառյակը միջնորդի և շարշիչ ուժի դեր է ստանձնել Թունիսի խաղաղ, ժողովրդավարական զարգացման գործընթացում: Այդ իսկ պատճառով Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է քառյակին և ոչ թե դրա մաս կազմող առանձին կազմակերպություններին»,- նշված է Նոբելյան կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Back to top button