Տնտեսական

Իրանցի գործարարները ծանոթանում են հայաստանյան հնարավորություններին, առայժմ՝ վերապահումներով

lianaeghiazaryan

Երեւանում այսօր մեկնարկել է հայ-իրանական գործարար համաժողովը, որին մասնակցում են Իրանից ժամանակ 6 տասնյակից ավելի գործարարներ: Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների վերացումը նոր հնարավորություններ է խոստանում, որոնց եւ այս օրերին փորձում են ծանոթանալ իրանցի գործարարները` միաժամանակ նաեւ առկա խնդիրների մասին իրենց մտավախությունները ներկայացնելով:

 

Պատից կախվող կաթսաներ, ածիկ, բանջարեղեն, չրեր, խողովակներ, միս, պոմպեր ու խողովակներ. այս ու բազմատեսակ այլ ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող 60-ից ավելի իրանցի գործարար Հայաստանում է՝ ուսումնասիրելու համատեղ ձեռնարկություններ ստեղծելու և արտադրանքը Հայաստանից արտահանելու հնարավորությունները:

Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումը գործակցության նոր դռների բացում է խոստանում: 2 տասնյակից ավելի ընկերությունների ներկայացուցիչները Երեւանում հենց դրանց բանալին են որոնում` միաժամանակ որոշ զգուշավորություն ցուցաբերելով: Հայաստանյան խստումներին փոքր-ինչ վերապահությամբ է մոտենում իրանցի գործարար Դանշվար Շահրոխը: Գործակցության ցանկությունը կա, բայց հնարավոր խնդիրներից վախ` եւս: Օրինակ` որ հետո հարկերի բեռն անսպասելի ծանր չլինի:

«Եթե հետագայում չասեն հարկեր կան, չասեն թույլտվությունների ստացման խնդրներ կան, չասեն կիսաֆաբրիկատ բերեք, հետո արտահանեք: Եթե ուրիշ խնդիրներ չլինեն, 100 տոկոսով կգանք: Եթե կգանք կտեսնենք խնդիրներ կան, ժամանակ է կորչում թույլտվություն ստանալու համար, 100 տոկոսով չենք գա», ասում է։

Իրանցի գործարարներին Հայաստանի ներդրումային դաշտն ու գործակցության հնարավորություններն են ներկայացվում: Հայաստանի զարգացման գործակալության ներկայացուցիչ Պարույր Ջանգուլյանը շատ վստահ փորձում է հիմնավորել, թե ինչու պետք է իրանցիները ներդրումներ անեն Հայաստանում այն պարագայում, երբ հայ գործարարները ձգտում են այլ երկրներ տեղափոխել իրենց կապիտալը: «Ունենք բավական որակյալ աշխատուժ, ունենք բավական ազատական հարկային օրենսդրություն, ունենք ազատ առևտրի գոտիներ, ունենք օտարերկրյա ներդրումները պաշտպանող համապատասխան օրենսդրություն»,- ասում է:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան համատեղ կազմակերպած հայ-իրանական գործարար համաժողովին բարձրացվում են նաեւ խնդիրները, որոնք Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հետեւանք են, եւ խնդիրներ, որոնք տեխնիկական պատճառներով են առաջ եկել ու պահանջում են արագ լուծումներ:

Հայ-իրանական առեւտուրը երբեմն հնարավոր չէ միանգամից ուղիղ կատարել, բանկային փոխանցումների խնդիր է առաջ գալիս, նկատում է Հայաստանում Իրանի դեսպանատան առեւտրային կցորդ Հմայակ Ավետիսյանը: «Դժվարություն կա բանկային փոխանցումների հետ կապված սահմանափակումների պատճառով: Երբ գործարարներն առևտուր են անում, այդ գումարը փոխանցելու խնդիր ունեն, և դա դժվարացնում է գործը: Եթե գումարը չկարողանանք փոխանցել, շատ մեծ դժվարություններ են առաջանում»,- ասում է։

Հայաստան կարելի է առանց մաքսատուրքի ներմուծել 7200 ապրանքատեսակ, մինչդեռ Իրան արտահանումների դեպքում հայ գործարարները գտնվում են անհավասար պայմաններում: Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը տեղեկացնում է` այսօր քննարկվում է մաքսատուրքերի հավասարեցման հարցը: Դրա համար Իրանի օրենքները պետք է փոխվեն:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014-ին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 4.9%-ը բաժին է ընկել Իրանի հետ առևտրին: Առեւտրաշրջանառության հիմնական մասը բաժին է ընկնում Իրանից ներմուծմանը` 291 մլն դոլարից 206,5 մլն դոլարը:

Back to top button